Կիրակի առավոտյան Իսրայելում մեկնարկել է բնակչության զանգվածային պատվաստումը կորոնավիրուսի դեմ, առաջին փուլում կպատվաստվեն բուժաշխատողները, բժշկական համալսարանների ուսանողները եւ տարեցներին ծառայություններ մատուցող կենտրոնների աշխատակիցները, ինչպես նաեւ քաղաքապետարանների ու իշխանության մարմինների ներկայացուցիչները, որոնք փորձում են այդկերպ օրինակ ծառայել երկրի քաղաքացիներին, հաղորդում է Կան պետական հեռուստաալիքը:

«Մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման արշավը, առաջին պատվաստվածների շարքում են բուժաշխատողներն ու ռիսկի խմբի մարդիկ»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Իսրայելում անցած հինգշաբթի մեկնարկել է պոլիկլինիկաներում պատվաստման համար հերթագրումը, ընդ որում՝ նկատվել է մեծ ակտիվություն պատվաստվել ցանկացող քաղաքացիների շրջանում: Զանգվածային պատվաստման առաջին ժամերին պատվաստվել է նաեւ երկրի առողջապահության նախարարության հանրային առողջապահության ծառայության ղեկավար, բժիշկ Էլրոի Փրայսը:

Պատվաստվածների առաջին խմբում կլինի նաեւ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռւվկինը:

Այնուհետեւ կպատվաստվեն բարձր ռիսկի խմբի ներկայացուցիչները՝ ուսուցիչները, մանկապարտեզների դաստիարակները, սոցիալական աշխատողները, բանտերի եւ կալանավայրերի աշխատակիցները: Դեռեւս պատվաստման պլանից բացառված են երեխաները եւ մինչեւ 16 տարեկան դեռահասները, հղի եւ կերակրող կանայք, ինչպես նաեւ հղիություն պլանավորող եւ ծանր ալերգիկ ռեակցիաներ ունեցող մարդիկ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հիշեցնենք, որ Իսրայելում կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումը ստացել է երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն: