Ադրբեջանը 200 մլն խորանարդ մետր «սոցիալական գազ» կմատակարարի Վրաստանին արտոնյալ սակագներով, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Թբիլիսիում համաձայնագիրը կնքել են Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան, Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը եւ «Վրաստանի նավթի եւ գազի կորպորացիայի» (GOGC) գործադիր տնօրեն Գեորգի Բախտաձեն:

Փոփոխությունները կատարվել են պայմանագրում, որը գործում է Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2016 թվականից: Կառավարության վարչակազմում նշել են, որ նոր պայմանավորվածությունը դարձել է SOCAR-ի եւ GOGC-ի հաջող համագործակցության եւս մեկ արդյունքում:

Համաձայնագրի կնքումից առաջ Աբդուլլաեւը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ: Կողմերը հատուկ ուշադրություն են հատկացրել ներդրումային ծրագրերին, որոնք SOCAR-ն իրականացրել է Վրաստանում եւ հետագա համագործակցության հեռանկարներին:

Նշվում է, որ Հարավային գազային միջանցքի չորրորդ փուլի ավարտից հետո Վրաստանի տարածքով կտեղափոխվի ադրբեջանական գազի ավելի մեծ ծավալ, եւ երկիրը կկարողանա էլ ավելի էժան գնով գազ գնել:  

Վրաստանը գրեթե ամբողջությամբ ապահովում է գազի պահանջարկը Ադրբեջանից ներմուծման հաշվին։ Վրաստանի բնական գազի 2020 թվականի հաշվեկշռի համաձայն՝ կանխատեսվում է, որ ընթացիկ տարում գազի սպառումը կհասնի 2,5 մլրդ խորանարդ մետրի, որից 170 մլն խորանարդ մետր ծավալով մատակարարումներ են սպասվում Ռուսաստանից: Գազի մնացած պահանջարկը նախատեսվում է ծածկել Ադրբեջանից ներմուծման հաշվին: