Երեւանի բազմաբնակարան շենքերի նկուղներում հավաքված աղբը, վիճակը, խնդիրները 1-2 օրում հնարավոր չէ լուծել. Իրականում դա հենց բնակիչների սուրբ գործն է նաեւ դատարկ պահել այդ նկուղները, որոնք իրենք զավթել են, փակել են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին Երեւանի ավագանու նիստում նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով նկուղները որպես ապաստարան օգտագործելու հարցին:

«Անձամբ ես եմ գնացել, ասել, որ բաց պետք է պահեք նկուղները, բացել եմ, հետո մի քանի օրից նորից փակում են, ասում են՝ մեր ապրանքը կգողանան: Իսկ եթե մի բան սկսի, ձեր ապրանքն է կարեւո՞ր, թե ձեր հարեւանների կյանքը: Ես հիմա կարող եմ ասել, որ անհավանական է, որ մեկ տարում այդ նկուղները բոլորը դատարկենք: Դրա ՕԳԳ-ն կարելի է մեծացնել, եթե բնակիչները իրենք իրենց նկուղները դատարկեն եւ տրամադրեն շենքին: Մենք չունենք լծակ, որ ստիպողաբար դատարկենք նկուղները»,-ասաց քաղաքապետը: