«Madli Ghvtisa» (Աստծո պարգեւ) կոչվող սննդային հավելումն արտադրվում է Վրաստանում. դեղատների ցանցերից մեկում վաճառվող դեղամիջոցի նկարագրության մեջ նշված է, որ այն օգնում է հաղթահարել կորոնավիրուսը: Չորս հաբի արժեքը 60 լարի է, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:
Ընկերությունը, որն արտադրում է դեղամիջոցը, «Ռուստավի-2» հեռուստանկերությանը հայտարարել է, որ սննդային հավելումը կողմնակի ադեցություն չունի եւ այն արդեն օգնել է բուժվել կորոնավիրուսից ավելի 300 պացիենտի:
Դեղամիջոցի ստեղծմամբ զբաղվել է վրացի երեք ակադեմիկոս: Նրանցից մեկը՝ Անզոր Ջափարիձեն, հայտնել է, որ դեղամիջոցը ստեղծվել է կորոնավիրուսի առաջին ալիքի ժամանակ, սակայն բյուրոկրատական ընթացակարգերի պատճառով այն սկսել են արտադրել միայն նոյեմբերին: ««Աստծո պարգեւ»-ը պետք է ընդունել առավոտյան քաղցած ժամանակ եւ պարտադիր խաչակնքվելով»,-ասել է Ջափարիձեն:
Հեռուստաընկերությունը նաեւ հաղորդում է, որ դեղամիջոցի անվանումը, որում օգտագործված է «Աստված» բառը, անընդունելի էր վրացական հոգեւորականների համար, ուստի եկեղեցին չի տվել իր օրհնությունը դրա իրացման համար:
Բժիշկները նույնպես խորհուրդ են տալիս պացիենտներին զերծ մնալ ժողովրդական բժշկության միջոցների եւ այլ նմանօրինակ փորձագիտական միջոցների օգտագործումից կորոնավիրուսի բուժման ընթացքում:
Վրաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Թնգիզ Ցերցվաձեն համարում է, որ սննդային հավելումները կարելի է օգտագործել, սակայն դրանցից պետք չէ ակնկալել, որ կբուժեն կորոնավիրուսից: Այդ կարծիքն է հայտնել նաեւ Հիվանությունների վերահսկման ազգային կենտրոնի եկավար Ամիրան Համքրելիձեն: Նա նախազգուշացրել է, որ չստուգված դեղամիջոցների օգտագործումը կարող է վատթարացնել պացիենտների վիճակը:
«Մենք չգիտենք այդ սննդային հավելման կազմը, սակայն եթե այն ներառում է վիտամիններ եւ օգտակար է կովիդով վարակվածների համար, ապա դրանց օգտագործումը հնարավոր է, սակայն չպետք է կարծել, որ այդ սննդային հավելումն ունակ է բուժել կորոնավիրուսից»,-ասել է Ցերցվաձեն:





























