Ֆրանսիայում անհայտ մարդիկ հարձակվել են ժանդարմների վրա, ովքեր փորձել են ցրել Լյերոն կոմունայում անցկացվող ամանորյա երեկույթը: Նոր տարվա ընդհատակյա տոնակատարությանը մոտ երկու հազար մարդ է մասնակցել, հայտնում է BFM-ն:
Խնջույքը տեղի է ունեցել անգարում: Երբ ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, միջոցառման մասնակիցները սկսել են քարեր նետել նրանց ուղղությամբ: Արդյունքում երեք ժանդարմներ թեթեւ վնասվածքներ են ստացել, նաեւ հրկիզվել է նրանց մեքենան:
Իրավապահները ստիպված են եղել նահանջել եւ օգնություն խնդրել՝ վերահսկելով անգարի մուտքերը, որպեսզի այլ մարդիկ չմիանան զվարճացողներին:
Հեռուստաալիքը նշում է նաեւ, որ ավելի քան հարյուր մարդու մասնակցությամբ միջոցառումներ են հայտնաբերվել Մոզելի, Սենայի եւ Մառնի դեպարտամենտներում:
Ֆրանսիայում Ամանորի գիշերը պարետային ժամ էր մտցվել կորոնավիրուսի համավարակի պատճառով: .Ժամը 20։00-ից մինչեւ 06։00-ն ֆրանսիացիները պետք է տանը մնան, չհավաքվեն խոշոր խմբերով եւ գիշերը բարձր երաժշտություն չլսեն:





























