Հայ հեղափոխական դաշնակցության եւ նրան միացած մի շարք կուսակցությունների կազմակերպած բողոքի երթի մասնակիցները կանգ առան Բաղրամյան պողոտայում՝ նախագահի նստավայրի մոտ, հայտարարություն տարածեցին, որում կոչ էին անում երկրի նախագահին չստորագրել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների տակ:

Հավաքվածների մոտ դուրս եկավ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, որին էլ հանձնվեց ուղերձը, որ մինչ այդ բարձրախոսով ընթերցել էր ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Ինչպես նշվում է ցուցարարների ընդունած ուղերձում՝ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը շեղվել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման կուրսից: «Նախաստորագրված արձանագրություններում կան դրույթներ, որոնք վտանգ են սպառնում ազգային անվտանգությանը: Վեցշաբաթյա հանրային քննարկումները ցույց տվեցին, որ ժողովրդի մեծամասնությունը հանդես է գալիս արձանագրությունների ստորագրման դեմ: Չնայած դրան, ստորագրման հակառակորդները, փոքր բացառություններով, չկարողացան իրենց դիրքորոշումը հեռուստաեթերով հանրությանը հասցնել: Մենք պահանջում են Ձեզանից՝ հրաժարվել հայ-թուրքական արձանագրոթյունների ստորագրումից: Հակառակ դեպքում Ձեզ վրա է ընկնում այդ քայլի բոլոր անկանխատեսելի հետեւանքների պատասխանատվությունը»,- ասված է երթի մասնակիցների հայտարարության մեջ:

Երթի հազարավոր մասնակիցները ներկայումս բարձրանում են Հայոց ցեղասպանության զոհերի՝ Ծիծեռնակաբերդում գտնվող հուշահամալիր, որտեղ էլ ժամը 19-ին պետք է սկսվի հանրահավաքը: Երթն ընթանում է առանց միջադեպերի, իրավապահ մարմինների աշխատակիցները իրենց բավական կոռեկտ են պահում: Ցուցարարները վանկարկում են «Ոչ թուրքական նախապայմաններին» եւ «Նախագահ, չզիջես»: Որեւէ հակակառավարական կարգախոս չի հնչում: