«Իշխանությունները 4 մեծ սուտ են ասում մեր ժողովրդին»,- երեկ հայ-թուրքական արձանագրությունների դեմ կազմակերպված հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Առաջին սուտն, ըստ նրա այն է, որ այդ արձանագրություններում չկան նախապայմաններ, երկրորդ սուտն այն է, որ «իբր չի եղել պարտադրանք» այդ արձանագրությունները նախաստորագրելու համար: «Շատ ավելի վատ է, որ առանց պարտադրանքի են գնացել նման քայլի»,- ընդգծեց նա: Երրորդ սուտը, Ա. Ռուսատամյանի ներկայացմամբ, այն է, որ Հայաստանը շնչահեղձ է լինում եւ պետք է ստորագրել արձանագրությունները, սահմանները բացել, որ լավ ապրենք: «Պետք չէ կնքել կապիտուլյացիայի պայմանագիր, որ լավ ապրես»,- ասաց նա ու դիմելով Սերժ Սարգսյանին ասաց. «Ինչո՞ւ չեք մոբիլիզացնում ժողովրդի ռեսուրսը: Ստեղծի'ր ժողովրդավարություն, տես ժողովուրդը կբողոքի՞»: Այս խոսքերից հետո հանրահավաքի մասնակիցները սկսեցին վանկարկել «Նախագահ հեռացիր», թեեւ ՀՅԴ-ն այս պահին Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում: Նրանք պահանջում են միայն ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը: Հենց սա էր պատճառը, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի վանկարկումներից հետո Ա. Ռուստամյանը մի պահ շփոթվեց ու լռեց, հետո միայն շարունակեց իր խոսքը:
Չորրորդ, սուտն, ըստ նրա, այն է, որ «իբր» թուրքերը փոխվել են: «Թուրքը մնում է թուրք»,- հայտարարեց Ա. Ռուստամյանը: Ի դեպ, երթի ընթացքում դաշնակցական երիտասարդները վանկարկում էին. «Ամենալավ ազգը` հայրեն են, ամենավատ ազգը` թուրքերն են, հայերի ցավը տանենք, թուրքերի մաման…»:




























