Այսօր Երեւանի ժամանակով 20։00-ին Ցյուրիխի համալսարանում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն կստորագրեն հայ-թուրքական երկու արձանագրությունները։ Արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա կլինեն նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշները, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարը, Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան:
Շվեյցարիայի միջնորդությամբ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը Երեւանի եւ Անկարայի միջեւ երկխոսության գագաթնակետն է։ Մինչ պատմական փաստաթղթերի ստորագրումը՝ հայկական բոլոր հեուստաալիքներով սպասվում է Սերժ Սարգսյանի՝ հայ ժողովրդին արվելիք հայտարարության հեռարձակումը։ Մինչ այդ հանրապետությունը սպասողական դրության մեջ է։
Անորոշ, անբացատրելի լարվածություն է զգացվում օդում… Նույնիսկ Երեւանի բազմամարդ, ծանրաբեռնված փողոցներն անսովոր դատարկ են։ Բոլորը լուռ են… Լռում են նույնիսկ շատախոս քաղաքագետները, նույնիսկ նրանք, ում այդ արձանագրություններն ամենաշատն են խոցել։ Բոլորը սպասում են, սպասում ինչ-որ անորոշության, սպասում են այն գիտակցմամբ, որ շուտով ականատեսն են դառնալու պատմական, դարակազմիկ մի իրադարձության, ընդ որում, դա գիտակցում են նույնիսկ նրանք, ովքեր դեմ էին եւ դեմ են արտահայտվում հայ-թուրքական արձանագրություններին։
Իսկ որպեսզի հասկանալի լինի, թե ինչու են Ցյուրիխում կայանալիք իրադարձությունները դարակազմիկ, անհրաժեշտ է հիշել հայ ժողովրդի պատմության մի քանի էջեր։
Հայերի կյանքի վիճակը Թուրքիայում կտրուկ վատացավ Աբդուլ Համիդ Երկրորդ սուլթանի օրոք (1876-1908)։ Երկրորդ կարգի մարդ համարվող հայերին արգելվում էր զենք կրել, եւ նրանք քուրդ զինյալների զոհ էին դառնում։ 1895-ին Աբդուլ Համիդը անցավ «հայկական հարցի վերջնական լուծման» իր տարբերակը իրագործելուն։ Ստեղծվեցին «համիդյաններ» կոչված զինված հատուկ ջոկատներ, որոնց նպատակը հայերի զանգվածային սպանություններ իրականացնելն էր Սասունում, Էրզրումում, Տրապիզոնում, Վանում, Ստամբուլում եւ Մարաշում։ Այդ ջարդերիժամանակ զոհվեց շուրջ 300 հազար հայ, իսկ 800 հազարը գաղթեցին այլ երկրներ։
1908-ին «Միավորում եւ առաջընթաց կոմիտեի» կամ երիտթուրքերի գլխավորությամբ Թուրքիայում հեղաշրջում տեղի ունեցավ։ Կոմիտեն վերջ դրեց Աբդուլ Համիդ Երկրորդի կառավարմանը եւ սկիզբ՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ նոր կուրսին։ Հայերը սատարում էին երիտթուքերի շարժմանը եւ լուսավոր ապագայի հույսով մասնակցություն ցուցաբերեցին նոր կառավարության ձեւավորման գործին։ Սակայն շուտով գազանային ջարդեր սկսվեցին Ադանայում, որտեղ շուրջ 15 հազար հայեր զոհվեցին։ 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրության շրջանակներում սկսվեցին պանթուրքական գաղափարներ տարածվել, որոնց հիմնական խոչընդոտները հայերն էին, ովքեր ապրում էին սեփական պատմական հողերում՝ Արեւելյան Անատոլիայում եւ Անդրկովկասում։
1915թ. սկզբին մի նախագիծ մշակվեց, որի նպատակը հայ ժողովրդի ամբողջական բնաջնջումն էր։ Ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Թալեաթ փաշայի խոսքերով՝ «նույնիսկ հայ անունը պետք է ջնջվի հիշողությունից»։ 1915թ. ապրիլի 24-ին հայ մտավորականության ձերբակալությունից հետո նրանց հավաքեցին Ստամբուլում եւ նրանցից շատերին սպանեցին։ Այդ օրը խորհրդանշաբար համարվում է Ցեղասպանության զոհերի հիշատակի օր։
Ցեղասպանությունը լայն մասշտաբներով իրականացվել է 1915-ից 1918թ., սակայն հայերի ջարդեն ու լոկալ էթնիկ զտումները շարունակվել են մինչե 1923թ.: Ավելի քան մեկ միլիոն մարդ էր ոչնչացվել (սպանվել, այրվել, կենդանի թաղվել, մահացել ցրտից, սովից, տեղահանման ժամանակ հյուծվելուց ու ծաղրից): Չնայած 1918թ. ռազմական հաղթանակին (Սարդարապատի ճակատամարտը)՝ Հայաստանը 1920թ. կրկին կանգնեց անհետանալու վտանգի առջեւ: Սակայն 1920թ. օգոստոսի 10-ին ֆրանսիական Սեւր քաղաքում պայմանագիր ստորագրվեց, համաձայն որի՝ Թուրքիան ճանաչում էր Հայաստանը որպես ազատ եւ անկախ պետություն: Թուրքիան եւ Հայաստանը համաձայնում էին ենթարկվել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի՝ սահմանների արբիտրաժին՝ Վանի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնի վիլայեթներն անցնում էին Հայաստանին եւ Հայաստանը ելք էր ստանում դեպի Սեւ ծով՝ Բաթումի միջով: Սակայն այդ պայմանագիրն այդպես էլ ուժի մեջ չմտավ, քանի որ Թուրքիայի նոր կառավարությունը՝ Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ, եւ բոլշեւիկների աջակցությամբ, հրաժարվեց վավերցնել այն: Սեւրի պայմանագրի դրույթները վերջնականապես վերանայվեցին 1923թ. Լոզանի կոնֆերանսում: 1920թ. դեկտեմբերի 3-ին ստորագրվեց Ալեքսանդրապոլի խաղաղ պայմանագիրը, որը վերջ դրեց հայ-թուրքական պատերազմին: Պատերազմն ավարտվեց Հայաստանի պարտությամբ: Հայաստանի կառավարությունը չեղյալ էր համարում Սեւրի պայմանագիրը եւ բոլոր այն պայմանագրերը, որոնք ստորագրվել էին՝ ի վնաս Թուրքիայի կամ չէին բխում նրա շահերից: Թուրքիան իրավունք ստացավ վերահսկել Հայաստանի երկաթուղին եւ հեռահաղորդակցության այլ ուղիները, իրավունք էր ստանում ռազմական միջոցներ կիրառել Հայաստանի տարածքում: Պայմանագիրը նաեւ նախատեսում էր փախստականների վերադարձ եւ Հայաստանի մահմեդական բնակչության իրավունքների ամրագրում: Հաջորդ օրը՝ 1920թ. դեկտեմբերի 4-ին Երեւան մտան Կարմիր բանակի զորամասերըեւ Խորհրդային Հայաստանի նոր կառավարությունը չեղյալ հայտարարեց նաեւ Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները վերջնականապես ձեւակերպվեցին Կարսի պայմանագրով, որ ստորագրվեց 1921թ. հոկտեմբերի 13-ին:
Եւ ահա Հայաստանի պատմության նորագույն փուլը: Երրորդ հանրապետություն… Նախագահ Սերժ Սարգսյան… Առաջին անգամ Ցեղասպանությունից հետո Հայաստանը փորձում է ազատվել տանջող բարդույթներից եւ կատարել շատ խիզախ, հոգեբանորեն շատ դժվար, տարբեր գնահատականներով վտանգավոր քայլ՝ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Եւ արդեն 2009թ. սկզբից Հայաստանն ու Թուրքիան Շվեյցարիայի միջնորդությամբ ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ: Արդյունքներն երկար սպասեցնել չտվեցին: 2009թ. ապրիլի 23-ին հայտարարվեց "ճանապարհային քարտեզի, իսկ օգոստոսի 31-ին՝ երկու արձանագրությունների վավերացման մասին: Եւ այսօր՝ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում սպասվում է դրանց ստորագրումը, որից հետո փաստաթղթերը կուղարկվեն երկու երկրների խորհրդարաններ՝ վավերացման: Հայ-թուրքական հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ կստորագրվեն պայմանագրեր, որոնց նախաձեռնողը Երեւանն է, առաջին անգամ Հայաստանը մասնակցություն ուենցավ հայ-թուրքական փաստաթղթերի մշակման աշխատանքներին, որոնց տակ էլ պիտի դնի իր ստորագրությունը:
Բայց 40 օրում՝ նախաստորագրումից մինչեւ ստորագրում, ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում, Սփյուռքում բուռն բանավեճեր ընթացան: Հայ ազգը բաժանվեց Թուրքիայի հետ մերձեցման առաջարկված տարբերակի կողմնակիցների ու հակառակորդների: Հայաստանում 12 քաղաքական ուժեր՝ Հայ հեղափոխական դաշնակցության գլխավորությամբ, հանդես եկան արձանագրությունների դեմ համատեղ հայտարարությամբ: Հանրապետության հրապարակում ՀՅԴ-ն մեկամսյա նստացույց եւ հացադուլ էր կազմակերպել: Հոկտեմբերի 9-ին էլ բազմահազարանոց երթ եւ հանրահավաք էր կազմակերպվել՝ կրկին պահանջելով հրաժարվել հայ-թուրքական արձանագրություններից: Փաստաթղթերի դեմ հանդես եկան նաեւ բազմամիլիոնանոց հայկական Սփյուռքի որոշակի շրջանակներ: Գրեթե բոլոր այն քաղաքներում, ուր Սերժ Սարգսյանն այցելում էր իր համահայկական ուղեւորության ընթացքում, նրան դիմավորում էին բողոքի զանգվածային գործողություններով: Եւ այդ ամենն այն պատճառով, որ հայ ժողվուրդը չի հավատում թուրքերին, չի հավատում, որ Անկարան այս անգամ կխաղա ազնիվ, առանց հետին մտքերի, օգտվելով առիթից՝ չի փորձի խառնվել ղարաբաղյան հարցին: Արձանագրությունների հակառակորդները դրանցում եւս մեկ այլ վտանգ են տեսնում՝ արձանագրությունների ստորագրումը կարգելակի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, կփակի հնարավորությունները մեր պատմական իրավունքների համար պայքարելու գործում: Բայց այսօր՝ հոկտեմբերի 10-ին բոլորը սպասում են, սպասում են եւ գիտակցում, որ հասել է պատմական պահը: Հատկանշական է, որ արձանագրությունների ստորագրումը Երեւանում ընդունվելու է տոնական միջոցառումներով եւ հրավառությամբ, որը կհնչի ոչ թե նույն այդ արձանագրությունների, այլ Երեւանի 2791-ամյակի առթիվ, որ տոնելու են հոկտեմբերի 11-ին՝ արձանագրությունների ստորագրման հաջորդ իսկ օրը:




























