Գերմանիան պատվաստանյութեր է պատվիրում 2022-ի համար, եթե լրացուցիչ դոզա անհրաժեշտ լինի COVID-19-ի շտամերի հանդեպ բնակչության իմունիտետը պահելու համար, շաբաթ օրը հայտարարել է ԳԴՀ առողջապահության նախարար Յենս Շպանը, հաղորդում է Reuters-ը:

Շպանն ասել է, որ Գերմանիայի 83 միլիոն բնակչությունից 2,3 միլիոնը արդեն ստացել է պատվաստանյութի դոզան:

Եվրոպական կառավարությունները քննադատության են ենթարկվել պատվաստանյութերի մատակարարումների եւ արտադրության անբավարարության կապակցությամբ, քանի որ պատվաստանյութեր արտադրող AstraZeneca-ն, Pfizer- ը եւ Moderna-ն հայտարարել են մատակարարումների ծավալի կրճատման մասին:

Գերմանիան, Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը լինելով, մեծապես տուժել է նոյեմբերին ներդրված երկրորդ լոքդաունի հետեւանքով, եւ հասարակության շատ անդամներ նախանձով հետեւում են Մեծ Բրիտանիայում, Իսրայելում եւ ԱՄՆ-ում պատվաստումների ավելի արագ տեմպերին:

«Հիմա մենք փաստացի պատվիրում ենք հետագա պատվաստանյութերը 2022-ի համար, որպեսզի դրանց գոնե մի մասը ձեռքի տակ ունենանք... Արտադրական կարողությունների ընդլայնման հետ մեկտեղ, մենք պատվաստանյութերը կպատվիրենք որպես կանխարգելիչ միջոց: Եթե դրանք մեզ պետք չգան, լավ է, բայց եթե պետք գան, հասանելի կլինեն»,- ասել է նախարարը:

Գերմանիայի իշխանությունները շաբաթ օրը հայտնել են կորոնավիրուսով վարակման 13 321 նոր դեպքի եւ 794 մահվան մասին: