ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մի շարք գործադիր հրամաններ կստորագրի միգրացիայի մասին: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր վարչակազմը հայտարարում է մի շարք լրացուցիչ միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվելու են մեր ներգաղթի համակարգի վերակառուցման եւ ամրապնդման համար»,- ասված է հայտարարության մեջ:
Մասնավորապես, Բայդենի վարչակազմը հրամայել է աշխատանքային խումբ ստեղծել` Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին բաժանված միգրանտների ընտանիքների վերամիավորման համար: Երկրորդ հերթին հանձնարարվել է ապաստարանների մարդասիրական համակարգ ստեղծել եւ ռազմավարություն մշակել Միացյալ Նահանգների հարավային սահմանով անկանոն միգրացիայի խնդիրների լուծման համար:
Ինչպես նշում է Axios տեղեկատվական պորտալը, այս հրամանագրերով Բայդենը սկսում է փոխել միգրացիոն քաղաքականության ընթացքը` չեղարկելով Թրամփի կողմից ներդրված սահմանափակումները:
«Թրամփի վարչակազմի սահմանային քաղաքականությունը քաոսի, դաժանության եւ շփոթության է հանգեցրել: Այսօր Բայդենի եւ Հարիսի վարչակազմը կսկսի չեղարկել նախորդ վարչակազմի ձեռնարկած առավել կործանարար միջոցները»,- ասված է հայտարարության մեջ:





























