ԱՄՆ սահմանի մերձակայքում գտնվող Տամաուլիպաս մեքսիկական քաղաքում ոստիկանության 12 աշխատակից է ձերբակալվել զանգվածային սպանությունների մեղադրանքով: Ենթադրվում է, որ նրանք 19 մարդ են գնդակահարել, ապա այրել են նրանց մարմինները, հայտնում է «Լենտա»-ն` վկայակոչելով El Pais-ը:
Այրված դիակները հայտնաբերվել են հունվարի վերջին բեռնատարի մեջ: Դրանցից 16-ը տղամարդիկ էին, մեկը` կին, իսկ երկուսն այնքան էին այրվել, որ սեռը պարզել անհնար է եղել: Ոստիկանությունը պարզել են չորսի ինքնությունը. նրանցից երկուսը հարեւան Գվատեմալայից էին:
Ոստիկանության ներկայացուցիչները չեն հստակեցրել, թե ինչ դրդապատճառ կարող էին ունենալ մարդասպանները: Սակայն պարբերականը նշում է, որ վայրը, որտեղ հայտնաբերվել են մարմինները, թմրակարտելների միջեւ երկարատեւ վեճի տարածք է հանդիսանում: Հանցավոր սինդիկատները միգրանտներին օգտագործում են ապօրինի նյութեր տեղափոխելու եւ նրանցից գումար են վերցնում իրենց տարածքով անցնելու համար: Նրանք, ովքեր հրաժարվում են վճարել կամ համագործակցել, հաճախ սպանում են վախեցնելու համար, իսկ կոռումպացված ոստիկանների հետ կապեր ունի յուրաքանչյուր կարտել:
Անցյալ տարվա դեկտեմբերին հետաքննող լրագրողները պարզել էին, որ Մեքսիկայի իշխանությունները հանցագործության դեմ պայքարի պատրվակով լրտեսող ծրագրեր են ձեռք բերել, սակայն դրա օգնությամբ հետեւում էին լրագրողներին եւ ակտիվիստներին, ինչպես նաեւ լրտեսման ծառայություններ էին մատուցում կարտելներին կամ նույնիսկ վերավաճառում էին նրանց ծրագրային ապահովումը:



























