Արցախում այսօրվա դրությամբ վերականգնվում է մինչեւ 1000 բնակարան, իսկ երկրորդ փուլում նախատեսվում է ավարտել մի շարք չվերջնակառուցված շենքերի շինարարությունը: Այս մասին փետրվարի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Սոցիալական աջակցության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանի դիտողությանը:
Նախարարի խոսքով՝ Արցախում սոցիալական եւ այլ ծառայությունների ապահովման հայկական կողմի ջանքերը չարժե համեմատել այն աշխատանքի հետ, որը Ադրբեջանը կատարում է իր գրաված տարածքներում:
Ի պատասխան՝ Սիմոնյանը հայտարարեց, որ Արցախի շատ գյուղերում էլեկտրամատակարարումն ապահովվել է մասնավոր անձանց ջանքերով: Նա նաեւ հավելեց, որ իշխանությունները չեն բարձրացնում Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից ենթակառուցվածքների կառուցման հարցը: Ինչ վերաբերում է հայկական կողմի վերահսկողության տակ մնացած տարածքներում շինարարությանը, ապա այն սաստիկ ուշանում է, եւ սա, Սիմոնյանի կարծիքով, կարելի է համարել հանցավոր անփութություն:





























