Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բողոքող ցուցարարներին «ահաբեկիչներ» է անվանել եւ խոստացել ճնշել ցույցերն ընդդեմ Ստամբուլի ամենահեղինակավոր համալսարանում կառավարությանը լոյալ ռեկտորի նշանակման, փոխանցում է AP-ն:
Բողազիչի համալսարանի ուսանողներն ու դասախոսները արդեն մի քանի շաբաթ է բողոքում են Էրդողանի կողմից համալսարանի ռեկտորի պաշտոնում Մելեհ Բուլուի նշանակման դեմ, ակադեմիկոս, որը ժամանակին խորհրդարանի պատգամավորի թեկնածու է առաջադրվել Էրդողանի կուսակցության կողմից: Նրանք Բուլուին կոչ են արել հեռանալ պաշտոնից եւ համալսարանին թույլ տալ ընտրելու իր ռեկտորին՝ հայտարարելով, որ այս նշանակումը ակադեմիական ազատությունների դեմ ոտնձգություն է:
Բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել են տասնյակ ուսանողներ, ոմանց տարել են նրանց տներում խուզարկությունից հետո:
«Ես չեմ ընդունում այս երիտասարդներին, որոնք ահաբեկչական խմբերի անդամներ են,- ասել է Էրդողանը իշխող կուսակցության հազարավոր անդամներին հղած տեսաուղերձում, որոնք նահանգային համագումարներ են անցկացնում: - Դուք ուսանողնե՞ր եք... թե՞ ահաբեկիչներ, որոնք փորձում են գրավել ռեկտորի աշխատասենյակը»:
Էրդողանն այնուհետեւ հայտարարել է, որ իր կառավարությունը թույլ չի տա հակակառավարական զանգվածային ցույցեր՝ նման նրանց, որոնք Թուրքիայում ծավալվեցին 2013 թվականին: Ցույցերը հարուցել էին Ստամբուլի գլխավոր հրապարակ Թաքսիմին հարակից Գեզի այգու շինարարության վերաբերյալ կառավարության ծրագրերը:
«Այս երկիրը չի լինի այնպիսի երկիր, որտեղ գերակայում են ահաբեկիչները: Մենք դա երբեք թույլ չենք տա,- ասել է նա: - Այս երկրում չեն կրկնվի այնպիսի միջադեպեր, ինչպես Թաքսիմում Գեզիի իրադարձությունները»:
Այս շաբաթ լարվածությունը թեժացել է այն բանից հետո, երբ մի խումբ ուսանողների կալանավորել են պաստառի պատճառով, որը ներկայացվել էր Բողազիչի համալսարանում, որի վրա պատկերված էր իսլամի ամենասրբազան վայրը՝ ԼԳԲՏ դրոշներով: Ուսանողներին կալանավորել էին հանգստյան օրերին ատելություն սերմանելու եւ կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով:
Երկուշաբթի եւ երեքշաբթի առավոտյան Ստամբուլում ոստիկանների հետ բախումներից հետո ձերբակալվել են ավելի քան 250 ցուցարարներ: Մոտ 70 մարդ ձերբակալվել է երեքշաբթի Անկարայում ցույցի ժամանակ, որը կազմակերպվել էր ի պաշտպանություն Բողազիչիի ուսանողների:
Էրդողանն ասել է, որ ԼԳԲՏ արժեքները «տեղ չունեն» Թուրքիայի ապագայում:
Միաժամանակ, չորեքշաբթի Բուլուն լրագրողներին ասել է, որ համալսարանի ռեկտորի պաշտոնից հեռանալու մտադրություն չունի. Բողազիչիի համալսարանը հաճախ անվանում են «թուրքական Հարվարդ»:




























