Թուրքիան եւ Գերմանիան մտադիր են կոնկրետ քայլեր ձեռնարկել պաշտպանության եւ անվտանգության ոլորտում, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Բեռլինում իր գերմանացի գործընկեր Անեգրետ Կրամպ-Կարենբաուերի հետ հանդիպումից հետո: Ըստ նրա՝ Գերմանիան Թուրքիայի ամենակարեւոր դաշնակիցներից մեկն է:

Ինչպես հայտնում է գերմանական Tagesspiegel թերթը, Աքարը Կրամպ-Կարենբաուերի հետ հանդիպել է Բեռլինում պաշտպանության նախարարության շենքի մոտ հիմնականում քրդական ձախ խմբավորումների ցույցերի ֆոնին:

Թուրքիան փորձում է մի շարք պաշտպանական գործարքներ կնքել Գերմանիայի հետ, այդ թվում՝ սուզանավերի եւ իր ազգային տանկի համար պահեստամասերի մասին:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ միջերկրածովյան տարածքի հետ կապված տարաձայնությունները: Կրամպ-Կարենբաուերը հանդիպումն անվանել է «լավ ազդանշան դաշնակիցների համար»:

Հունաստանը, Կիպրոսը եւ Ֆրանսիան Գերմանիային կոչ են անում դադարեցնել զենքի արտահանումը Թուրքիա: Գերմանիան դեկտեմբերին Եվրամիության գագաթաժողովին ընդառաջ մերժել է երկրին զենք մատակարարելու էմբարգոյի առաջարկը: