ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ցուցմունք չի տա Սենատում իր իմպիչմենթի մասին գործով: Այս մասին հայտարարել է նրա խորհրդական Ջեյսոն Միլլերը, ով իմպիչմենթի դատավարությունը «հակասահմանադրական» է անվանել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Դեմոկրատական կուսակցությունից օրենսդիրները Դոնալդ Թրամփին խնդրել են ցուցմունք տալ Սենատում իր իմպիչմենթի գործով` նախկին նախագահին առաջարկելով պատասխանել ապստամբության հրահրման մեջ մեղադրանքներին:
Թրամփի փաստաբանները դեմոկրատների պահանջը որպես «փիառ քայլ» են որակել:
Սենատում իմպիչմենթի գործով դատավարությունը կսկսվի փետրվարի 9-ին: Թրամփը` Ներկայացուցիչների պալատում երկու անգամ իմպիչմենթի ենթարկված առաջին նախագահը, մեղադրվում է հունվարի 6-ին անկարգությունների հրահրման մեջ, երբ նրա կողմնակիցների ամբոխը ներխուժեց Կապիտոլիում:
Եթե Թրամփը մեղավոր ճանաչվի, սենատորները լրացուցիչ կքվեարկեն նախկին նախագահին կրկին առաջադրվելու իրավունքից զրկելու համար:
Թրամփի փաստաբաններ Բրյուս Կաստորը եւ Դեիդ Շոնը հայտարարել են, որ դեմոկրատների խնդրանքն ապացույց է, որ «նրանք չեն կարող ապացուցել իրենց մեղադրանքները»:
Թե՛ փաստաբանները, թե՛ հանրապետականներից շատ սենատորներ կարծում են, որ պաշտոնը լքած ղ նախագահի իմպիչմենթի մասին դատավարությունը հակասահմանադրական է: Անցյալ շաբաթ Սենատի 45 հանրապետական այս պատճառով քվեարկեց դատավարության չեղարկման օգտին:





























