ԵԱՏՄ երկրների հետ ուղիղ երկաթուղային հաղորդակցության բացակայության պատճառով սեւ ու գունավոր մետաղների` Հայաստան ներմուծվող հումքի արժեքն աճում է, ինչը մատակարարումների ծավալի որոշակի սահմանափակումների է հանգեցնում: Այս մասին Մոսկվա-Ալմաթի-Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան:
Նրա խոսքով` Միության սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնների շուկայում հումքի պակաս չկա, եւ ընդհանուր ծավալը մոտ 2.1-2.3 միլիարդ տոննա է կազմում:

«ԵԱՏՄ անդամ երկրներից յուրաքանչյուրն իր առանձնահատուկ խնդիրներն ունի, եւ կառավարությունների ղեկավարները միանշանակ հասկացել են, որ դրանք պետք է լուծվեն համալիր կերպով` երկու ուղղությամբ: Առաջինը` ԵՄ-ից դուրս այս հումքի արտահանման հետ կապված սահմանափակող միջոցառումների ներդրման միջոցով: Երկրորդը` Միության ներսում հումքի ավելի ազատ շրջանառության համար հնարավորությունների ստեղծման միջոցով»,- ասել է նա: Մալկինան հավելել է, որ այդ միջոցառումները կարեւոր են արժեքավոր հումքի արտահոսքը կանխելու համար:

«Մենք պետք է հիմնվենք բազային ցուցիչների վրա, օրինակ` այն փաստի, որ մետաղագործական արդյունաբերության մասնաբաժինը Միության մշակող ոլորտում 2020 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին մոտ 27.8 տոկոս է կազմել: Սա մեծ թիվ է: Դրանից են կախված ոչ միայն մետաղագործական գործարանները, այլ նաեւ փոքր կազմակերպությունները եւ քաղաքացիները, ովքեր ներգրավված են այս բիզնեսում»,- եզրափակեց նա: