Նախագահ Բայդենի պետքարտուղար Թոնի Բլինքենը եւ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կարծում են, որ Չինաստանը «Միացյալ Նահանգների համար ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքն է» ներկայացնում: Այս մասին պաշտոնյաների հետ խոսելուց հետո Fox News-ին տված հարցազրույցում ասել է հանրապետական կոնգրեսական Մայքլ Մաքքոլը՝ նշելով, որ Չինաստանի հանդեպ նրանք «այլ մոտեցում կունենան», քան Թրամփի վարչակազմը:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում գլխավոր հանրապետական Մաքքոլն ասել է, որ զրույցի ընթացքում Բլինքենը եւ Սալիվանը նշել են, որ «իրենց կարծիքով՝ Չինաստանը ամենամեծ երկարատեւ սպառնալիքն է ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար»:

Այս ամսվա սկզբին MSNBC-ին տված հարցազրույցում Բլինքենն ասել էր, որ «անկասկած է, որ Չինաստանը ամենալուրջ խնդիրն է» ԱՄՆ-ի համար՝ նշելով, որ Բայդենի վարչակազմը պետք է Չինաստանին մոտենա «ուժի, ոչ թե թուլության դիրքերից»:

Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները նախազգուշացրել են այն սպառնալիքի մասին, որը Չինաստանը ներկայացնում է ԱՄՆ-ի համար: Դեկտեմբերին ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռեդթքլիֆը նույնպես հայտարարել էր, թե Չինաստանը «մեր ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքն է» մի շարք հարցերում, այդ թվում՝ ռազմական, տնտեսական, տեխնոլոգիական, կիբեռտարածության եւ 5G հեռահաղորդակցության:

Մաքքոլը մտահոգություն է հայտնել, որ Բայդենի վարչակազմը ցանկանում է «ավելի բաց լինել Չինաստանի համար»՝ մատնանշելով Փարիզի կլիմայի համաձայնագրին վերադառնալու Բայդենի որոշումը:

«Ես մտավախություն ունեմ, որ նրանք կարող են փափուկ դիրքորոշում ունենալ Չինաստանի հանդեպ, որպեսզի նրանցից որոշակի իրեր ստանան, որպեսզի ստիպեն նրանց զիջումներ անել, երբ բանը հասնում է Փարիզի կլիմայի համաձայնագրին»,- պարզաբանել է Մաքքոլը: «Կարծում եմ, սակայն, որ դա կլինի մեր արտաքին քաղաքական դիրքորոշման թուլացումը Չինաստանի Կոմունիստական կուսակցության նկատմամբ»:

«Թրամփն իմ կյանքում առաջին նախագահն էր, ով իրոք դեմ արտահայտվեց Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը, եւ դա գրավեց նրանց ուշադրությունը»,- ասել է նա: