Շարմ էլ Շեյխի շուրջ նոր կառուցված 36 կիլոմետրանոց բետոնե ցանկապատը կօգնի պաշտպանել զբոսաշրջությունը, հաղորդում է Reuters-ը:
Հարավային Սինայի իշխանությունները հույս ունեն վերականգնել զբոսաշրջությունը, որը տուժել է Եգիպտոսում 2011-ի ապստամբությունից, 2015-ին Սինայում ռուսական ուղեւորատար ինքնաթիռի վթարից եւ կորոնավիրուսի համավարակից: 2005-ին Շարմ էլ Շեյխում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել:
Ցանկապատը պատրաստված է բետոնե սալիկներից՝ մետաղալարերից ցանկապատի հատվածներով, որոնք առողջարանն առանձնացնում են իրեն շրջապատող անապատից:
Շարմ էլ Շեյխը գտնվում է Սինայի հյուսիսային միջերկրածովյան ափից մոտ 360 կմ հարավ, որտեղ կենտրոնացած են իսլամիստ զինյալների ապստամբական շարժումները:
«Նրանց միջեւ հեռավորությունը հսկայական է: Եգիպտոսի Երկրորդ բանակը պաշտպանում է Հյուսիսային Սինայը, իսկ Երրորդ բանակը՝ Հարավային Սինայը»,- նահանգում շրջագայելիս լրագրողներին ասել է Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Ֆուդան:
Հին եգիպտական արտեֆակտների թանգարանը բացվել է անցյալ տարի Շարմ էլ Շեյխում՝ ծովափնյա հանգստավայրում զբոսաշրջային գործունեության դիվերսիֆիկացման ջանքերի ֆոնին: Վերջերս քաղաքում բացվել է համալսարան՝ ի պատիվ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի:





























