Անչափահասների սեռական շահագործման մեջ մեղադրվող հանգուցյալ ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի անշարժ գույքը տնօրինողները դիտարկում են նրա երկու կղզիների վաճառքը, որպեսզի այդ միջոցներով վճարեն սեռական հանցանքների զոհերին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Վիրջինյան կղզիներում Էփշթեյնի անշարժ գույքը տնօրինող Դեն Վեյներին, հաղորդում է Gazeta-ն:

Նրա խոսքով՝ շատ մարդիկ հետաքրքրված են այդ կղզիներում անշարժ գույքի գնմամբ:

Հատուկ հիմնադրամը, որը հիմնվել է 2020 թվականի հունիսի 25-ին, Էփշթեյնի զոհերին 49,8 մլն դոլար է հատկացրել:

Ֆինանսիստն ավելի քան 20 տարի ապրել է Վիրջինյան կղզիներում  եւ ուներ երկու ոչ մեծ կղզի: Այդ անշարժ գույքի արժեքը 630 մլն դոլարից ընկել է՝ հասնելով գրեթե 241 մլն դոլարի:

Էփշթեյնը ձերբակալվել էր 2019 թվականի հուլիսին: Դատախազությունը տեղեկացրել էր վկայության առկայության մասին, ըստ որի՝ 2002-2005 թվականներին նա կազմակերպել է Մանհեթենի իր տուն տասնյակ անչափահաս աղջիկների այցելություններ, որոնցից ամենափոքրը եղել է 14 տարեկան։ Քննության տվյալներով՝ Էփշթեյնը նրանց ենթարկել է սեռական բռնության եւ ոտնձգությունների։ Նրա ընկերների եւ ծանոթների մեջ են եղել բազմաթիվ գործող եւ պաշտոնաթող պաշտոնյաներ ոչ միայն ԱՄՆ-ից, այլեւ բազմաթիվ այլ երկրներից, ներառյալ պետությունների նախկին ղեկավարներ, խոշոր գործարարներ եւ շոու-բիզնեսի աստղեր։ Քրեական հետապնդումը դադարեցվում է 2019-ի օգոստոսին նրա մահից հետո: Քննությունը նրա մահն ինքնասպանություն է համարել: