Ադրբեջանում հաղթանակի էյֆորիան դեռ ինչ-որ ժամանակ կպահպանվի, այնուհետեւ կփոխարինվի դեպրեսիայով, երբ աճեն սոցիալական խնդիրները, ինչը կհակասի իշխանությունների թեզին այն մասին, որ դրանք կլուծվեն, հենց որ «Ղարաբաղը վերադարձնեն»: Այս մասին փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:

Եթե խոսենք Արցախում հիմնարար բարեփոխման մասին, ապա, ինչպես պարզաբանեց փորձագետը, դրա համար կպահանջվի նվազագույնը 10 տարի, լուրջ փողերի կարիք կլինի բնակչության գրպանից, քանի որ օտարերկրյա ներդրումները լուրջ երաշխիքներ կպահանջեն:

«Նույնիսկ նրանց անցած ենթակառուցվածքները պետք է ինտեգրել իրենց տնտեսությանը, իսկ դա եւս մեծ ծախսեր կպահանջի, որը Ադրբեջանը չունի: Հադրութի շրջանում աշխատանքները զգուշավոր են տարվում, քանի որ գիտակցում են, որ դա իրենց տարածքը չէ եւ ներդրումները կարող են չարդարացվել: Իշխանությունները հասկանում են, որ բաքվեցիները իրենց հարմարավետությունը չեն փոխարինի տագնապալի իրադրությունում ապրելու հետ, որտեղ մշտապես կա ռազմական գործողությունների վերսկսման վտանգ: Ուստի Ալիեւը կգնա նրանց արտոնություններից զրկելու ճանապարհով, ովքեր պետք է վերաբնակվեն, բայց չեն ցանկանա դա անել: Նրանց մի մասը արտագաղթում է Ադրբեջանից, իսկ բացակայող մասը Ալիեւը կարող է լրացնել արմատական ուժերով, որպեսզի մեզ համար էլ խնդիրներ ստեղծի, եւ լուծի երկրի խորքում նրանց ներկայության խնդիրը: Այս տեսանկյունից կարեւոր է մեր պետության աշխատանքը, որպեսզի թույլ չտա այնտեղ սիրիացի վարձկանների տեղափոխումը: Բացի այդ, Արցախում կարող է հակամարտություն ծագել զոհված ադրբեջանցի զինծառայողների հարազատների եւ նրանց միջեւ, ովքեր պետք է տեղափոխվեն այնտեղ որպես փախստական»,- հավելեց նա:

Անժելա Էլիբեգովան նկատեց, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են առաջ տանել այն թեզը, որ գլխավորը հաղթանակն է, եւ չկան քննարկումներ այն մասին, թե դա ինչպես կազդի երկրի սովորական քաղաքացու վրա: Բնակչության ուշադրությունը այս թեմայից շեղելու համար Ալիեւը խոսում է Սյունիքի եւ Երեւանի մասին:

«Բնակչության մի որոշ մասը հասկանում է, որ ինքնիշխանության զիջումը Թուրքիային նույնպես անհետ չի անցնի, եւ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը միշտ չէ, որ կհամընկնեն, իսկ նման հակամարտությունը կարող է հանգեցնել ադրբեջանական պետության փլուզմանը: Բաքուն շատ բարձր գին կվճարի այս հաղթանակի համար»,- եզրափակեց նա: