Եվրոպայի ամենատարեց բնակչուհին, ֆրանսիացի միանձնուհի քույր Անդրեն հաղթել է COVID-19-ին եւ այս շաբաթ կնշի իր 117-ամյակը, հաղորդում է Reuters-ը:

Լյուսիլ Ռենդոնը վերցրել է քույր Անդրե անունը, երբ 1944 թվականին միացել է կաթոլիկ բարեգործական կազմակերպությանը: Հունվարի 16-ին նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Նրան մեկուսացրել են ծերանոցի այլ բնակիչներից, բայց ոչ մի ախտանիշ չի ունեցել:

Հարցին, թե չէր վախենում արդյոք COVID-ից, քույր Անդրեն ֆրանսիական BFM հեռուստաընկերությանը պատասխանել է․ «Ոչ չէի վախենում, որովհետեւ չէի վախենում մահանալ․․․ Ես ուրախ եմ, որ ձեզ հետ եմ, բայց կուզեի միանալ ավագ եղբորս, պապիկիս եւ տատիկիս»:

Սենթ Կատրին Լաբուրեի ծերանոցի ներկայացուցիչ Դավիթ Թավելան ասել է, որ կինն իրեն լավ է զգում: «Մենք կարծում ենք, որ նա բուժվել է: Նա շատ հանգիստ է եւ անհամբեր սպասում է հինգշաբթի իր 117-ամյակին»:

Նա ասել է, որ քույր Անդրեն կույր է, բայց շատ եռանդուն: Կինն իր ծննդյան օրը կտոնի սովորականից ավելի քիչ հյուրերի հետ` կորոնավիրուսով վարակվելու ռիսկի պատճառով:

1904թ. փետրվարի 11-ին ծնված քույր Անդրեն աշխարհի երկրորդ ամենատարեց բնակիչն է, ըստ Գերոնտոլոգիայի հետազոտական խմբի (GRG) կազմած համաշխարհային վարկանիշի: Ամենատարեց մարդը ճապոնացի Կանե Տանական է, ով հունվարի 2-ին դարձել է 118 տարեկան:

GRG-ի ցուցակում աշխարհի ամենատարեց 20 բնակիչները բոլորը կանայք են: