ԱՄՆ-ի առափնյա պարեկությունը Բահամյան կղզիների անմարդաբնակ կղզուց տարհանել է Կուբայի երեք քաղաքացիների, որոնք այնտեղ, ենթադրաբար, անցկացրել են 33 օր, հայտնում է գերատեսչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Առափնյա պարեկությունը երեքշաբթի օրը փրկել է Կուբայի երեք քաղաքացու, որոնք, ըստ առկա տեղեկատվության, 33 օր Բահամյան Անգիլյա-քեյ կղզում են եղել»,- ասված է ԱՄՆ առափնյա պահպանության 7-րդ շրջանի կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Ծառայության թռիչքային անձնակազմերից մեկը «սովորական պարեկության» ժամանակ նկատել է ինքնաշեն դրոշ ծածանող մարդկանց: Փրկարարները կապ հաստատելու համար մարդկանց մոտ սնունդ, ջուր եւ ռադիո են նետել: Դեպքի վայր ժամանած մեկ այլ ուղղաթիռ կուբացիներին տեղափոխել է Ֆլորիդա նահանգի Քի Ուեսթ քաղաքի մոտակայքում գտնվող բժշկական կենտրոն:

Կուբայից երկու տղամարդը եւ մեկ կինը հայտնվել են անմարդաբնակ կղզում այն բանից հետո, երբ նրանց նավը շրջվել է։ Փրկարարներից մեկի խոսքով՝ շատ զարմանալի է, որ նրանք գտնվում են «այդքան լավ վիճակում», հայտնում է WPLG հեռուստաալիքը: Նրանք հավանաբար կոկոսով են սնվել: