«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում փոփոխությունների ընդունումից հետո բուհերի կառավարման կոլեգիալ մարմինը եւ ռեկտորը նշանակվելու են իշխանությունների կողմից, ինչը վկայում է այն մասին, որ բուհերի ինքնավարությունը վտանգված է: Այս մասին փետրվարի 11-ին առցանց քննարկման ժամանակ ասաց Երեւանի պետական ​​բժշկական համալսարանի ռեկտորի խորհրդական Իզաբել Աբգարյանը` նշելով, որ նախկինում իշխանությունները խոսում էին բուհերի ինքնավարության ընդլայնման անհրաժեշտության մասին:

Նրա խոսքով` սա մեծ հետընթաց կլինի, քանի որ կոլեգիալ մարմինների անդամների մեծ մասը նշանակվելու է պետության կողմից, իսկ այդ մարդիկ իրենց զբաղվածության պատճառով հաճախ հետաքրքրված չեն լինում ռազմավարական խնդիրների լուծմամբ: «Փաստացի կառավարման խորհուրդը բաղկացած կլինի մարդկանցից, ովքեր քիչ կապ կունենան ուսումնական հաստատության հետ»,- ընդգծեց նա:

Աբգարյանը մտահոգություն հայտնեց նաեւ ուսման ընթացքում ռոտացիոն համակարգի վերացման մասին օրինագծի դրույթների կապակցությամբ, ինչն ուսանողներին զրկում է լրացուցիչ խթաններից եւ խախտում է արդարության սկզբունքը կրթաթոշակների մասով: «Անընդունելի եմ նաեւ համարում տարիքային ցենզի ներդրումը ակադեմիական անձնակազմի համար, քանի որ մարդու գիտելիքները չեն կարող որոշվել նրա կենսաբանական տարիքով»,- եզրափակեց ԵՊԲՀ ռեկտորի խորհրդականը: