Առնվազն չորս մարդ է տուժել ճապոնական Ֆուկուսիմա նահանգում 7,1 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որը շաբաթ օրը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արեւելքում: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը:
Ներկայումս տեղական իշխանությունները տեղեկություններ են հավաքում տուժածների եւ հնարավոր ավերածությունների մասին: Ըստ Kyodo-ի տվյալների՝ Ֆուկուսիմայի նշված նահանգի համանուն վարչական կենտրոնում մի քանի հրդեհ է տեղի ունեցել, ներկայումս հրշեջ ծառայությունները պարզում են այս տեղեկատվությունը:
Ֆուկուսիմա նահանգի Իվակի քաղաքից ճապոնական հանրային հեռուստատեսության ուղիղ միացումը ցույց է տվել ցնցումների հետեւանքով տեղական առեւտրի կենտրոնի կոտրված ապակիները:
Երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն արտակարգ ասուլիսում հայտնել է, որ ցունամիի մասին նախապես հայտարարված նախազգուշացումը հանվել է: Բացի այդ, Կատոն տեղի բնակչությանը հանդարտության կոչ է արել եւ ընդգծել է, որ երկրի իշխանությունները բնական աղետի հետեւանքները նվազագույնի հասցնելու համար ամեն ինչ անում են: Վարչապետ Յոսիհիդե Սուգայի գրասենյակում սկսել է աշխատել ճգնաժամային շտաբը, ճապոնական կառավարության ղեկավարն ինքը, ինչպես կառավարության մյուս անդամները, նույնպես ժամանել է իր աշխատավայր: Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարը խոստացել է, որ տեղի բնակչությունն օպերատիվ տեղեկություններ կստանա ստեղծված իրավիճակի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:




























