Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները կենսունակ են համարում կորոնավիրուսի ծագման 4 տարբերակներ: Այս մասին հայտարարել է Սանկտ-Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության եւ միկրոբիոլոգիայի ԳՀԻ գիտական աշխատության գծով տնօրենի տեղակալ Վլադիմիր Դեդկովը, հաղորդում է Ինտերֆաքսը: Նա այցելել է Չինաստանի Ուհան քաղաք ԱՀԿ առաքելության կազմում:

«Դիտարկման են մնացել 4 տարբերակներ՝ կենդանուց մարդուն փոխանցում միջանկյալ տիրոջ միջոցով (ավելի հավանական), կենդանուց մարդու վիրուսի ուղիղ փոխանցում (հավանական), վիրուսի փոխանցում սառեցված մթերքների միջոցով (քիչ հավանական), լաբորատորիայից արտահոսք (ծայրաստիճան քիչ հավանական)»,-ասել է Դեդկովը:

Գիտնականը նշել է, որ վիրուսի ծագման տարբերակները, որոնք կարելի էր բացառել, արդեն բացառված են:

Դեդկովը հավելել է, որ Ուհան այցի արդյունքները դեռ չեն ստացվել, սակայն այս պահին կա իրադարձությունների քրոնոլոգիայի ավելի ադեկվատ հասկացություն:

Նա նշել է, որ Չինաստան այցի արդյունքներով առաքելությունը հարցեր չունի Ուհանի լաբորատորիայում աշխատանքի կազմակերպման նկատմամբ: