Մարդիկ հրաժարվում են դիմակ կրելուց եւ պատվաստվելուց կոնսպիրոլոգիական տեսությունների պատճառով: Նման կարծիք է հայտնել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Կոնսպիրոլոգիական տեսությունները կապված են նաեւ պատվաստանյութերի հետ, եւ դա ցավալի է, քանի որ դրանք հանգեցնում են նրան, որ մարդիկ հրաժարվում են դիմակ կրելուց եւ պատվաստվելուց»,-ասել է Գեյթսը Ավստրալիայի ազգային հանրային հեռարձակող կորպորացիային տված հարցազրույցում:

Նա նշել է, որ դեռ չի տեսել լավ որոշում, թե ինչպես կարելի է կանխել սոցցանցերում ապատեղեկատվության տարածումը:

Պանդեմիայի սկզբից սոցցանցերում եւ համացանցում լուրեր տարածվեցին այն մասին, թե, իբր, Գեյթսը կապ ունի հիվանդության առաջացման հետ: Որոշ պորտալներ եւ օգտատերեր գրում էին, թե միլիարդատերը ցանկանում է «չիպավորել» Երկրի բնակչությանը գլոբալ լրտեսման համար: Գեյթսի խոսքով՝  իր շուրջ կոնսպիրոլոգիական տեսություներն այնքան անհեթեթ են, որ նա լուրջ չի պատասխանի դրանց: