Գերմանիան եւ Ֆրանսիան նոր ջանքեր են գործադրում՝ Եվրոպայի ամենամեծ պաշտպանական նախագիծը համարվող համատեղ կործանիչ մշակելու հարցում փակուղուց դուրս գալու համար, ինչը հանգեցրել է լարվածության Բեռլինի եւ Փարիզի միջեւ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով անվտանգության եւ արդյունաբերության աղբյուրները:

Նախագիծը, որը գնահատվում է ավելի քան 100 միլիարդ եվրո, միավորում է Գերմանիան, Ֆրանսիան եւ Իսպանիան, եւ ենթադրում է սպառազինության համակարգի ստեղծում, որը դիտվում է որպես եվրոպական պաշտպանական համագործակցության խորացման հիմք:

Ենթադրվում է, որ Dassault Aviation-ը, Airbus-ը եւ Indra-ն կստեղծեն ինքնաթիռ, որը, ինչպես սպասվում է, կշահագործվի 2040 թվականից` նպատակ ունենալով ժամանակի ընթացքում փոխարինել ֆրանսիական Rafale եւ գերմանական Eurofighter ինքնաթիռներին:

Ըստ ինսայդերների, փետրվարի սկզբին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չեն կարողացել կարգավորել այս խնդիրը՝ բաց թողնելով այն հարցը, թե երբ կարող է կատարվել վճարումների հաջորդ տրանշը, որը կազմում է առնվազն 5 միլիարդ եվրո:

Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի պաշտպանության նախարարությունների, ինչպես նաեւ Dassault-ի, Airbus-ի եւ Indra-ի ներկայացուցիչները Փարիզում հանդիպել են, որպեսզի փորձեն դուրս գալ փակուղուց, հայտնել են աղբյուրները:

Տարաձայնությունները մասամբ վերաբերում են մտավոր սեփականության իրավունքին եւ այն բանին, թե ով պետք է ի վերջո տիրանա դրանց:

Ըստ ինսայդերների, նախքան նախագիծը սկսելը Գերմանիան փորձում է այս հարցում ավելի շատ զիջումներ ստանալ Ֆրանսիայից, Բեռլինը կցանկանար իր նախագծերի համար օգտագործել Փարիզի հետ համատեղ մշակված տեխնոլոգիաները:

Ֆրանսիացի բարձրաստիճան խորհրդարանականը նաեւ կասկած է հայտնել նախագծի կենսունակության վերաբերյալ՝ վկայակոչելով տարբեր մոտեցումներ եւ քաղաքական սահմանափակումներ, ինչպիսիք են արտերկրում ռազմական գործողություններից Բեռլինի հրաժարվելը: «Անկեղծ ասած, մեզ համար շատ ավելի հեշտ կլինի աշխատել Մեծ Բրիտանիայի հետ, քանի որ մենք կիսում ենք նույն ռազմական մշակույթը»,- ասել է նա: Մեծ Բրիտանիան սկսում է Իտալիայի եւ Շվեդիայի հետ Tempest կործանիչներ ստեղծելու իր սեփական մարտական ծրագիրը: