Թուրքական կողմը Ցյուրիխում ամերիկյան գործընկերներին ներկայացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրության նոր տարբերակ: Այդ մասին հաղորդում է CNN Turk-ը:
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, հայկական կողմը ինտենսիվ բանակցություններ է վարում իր դիրքերն ամրապնդելու համար: Հայկական կողմը, որոշ տեղեկություններով պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ:
Տեղեկատվությունը, որ թուրքական կողմը արձանագրությունների նոր տարբերակ է ներկայացրել, ճշտվում է: Միեւնույն ժամանակ, միջազգային գործակալությունների տվյալներով, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ստորագրման արարողությշունը վերջին րոպեին հետաձգվել է վերջնական հայտարարության վերաբերյալ կողմերի ունեցած տարաձայնությունների պատճառով: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը անսպասելիորեն վերադարձել է հյուրանոց, երբ ուղղվում էր փաստաթղթերի ստորագրմանը:
«Մենք կողմերին աջակցում ենք հայտարարության վերաբերյալ համաձայնության հասնելու, որ օպետք է հնչի արարողությանը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի մամուլի քարտուղար Իան Քելլին: Դիվանագետները նշել են, թե հայկական կողմը մատհոգություն է հնչեցրել արարողությունից հետո թուրքական կողմից հնչվելիք հայտարարության տեքստի մասով:
Հիլարի Քլինթոնը հանդիպումներ է ունեցել Հայաստանի ԱԳՆ ղեկավարի եւ հեռախոսազրույց Թուրքիայի ներկայացուցիչների հետ՝ տարաձայնությունները հարթելու համար, Associated Press-ին ասել է դիվանագտներից մեկը, որ ցանկացել է անանուն մնալ:




























