Կիրակի Ավստրալիայում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման ծրագիրը. առաջինը պատվաստվել է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը, հաղորդում է Bloomberg-ը:
Մորիսոնն եւ երկրի առողջապահության նախարարն առաջինն էին, որոնք ստացել էին Pfizer/BioNTech պատվաստանյութի առաջին դեղաչափը. նրանք դա արել էին ծրագրի անվտանգության նկատմամբ հասարակությանը վստահություն ներշնչելու նպատակով:
Համընդանուր պատվաստումները կմեկնարկեն երկուշաբթի: Ավստրալիայում առաջնահերթ խմբերն են համարվում կարանտինի ներքո հյուրանոցների անձնակազմը, սահմանային ծառայողները, բժիշկները, ծերանոցների բնակիչներն ու աշխատակիցները:
Ավստրալիայի առողջապահության նախարար Գրեգ Հանթը հայտարարել է փետրվարի 15-ին Pfizer/BioNTech ընկերության պատվաստանյութի 142 000 դեղաչափից բաղկացած առաջին խմբաքանակի մատակարարման մասին:
Ակնկալվում է, որ երկրում պատվաստանյութերի մեծ մասը կկազմի AstraZeneca-ի դեղամիջոցը, որն արտադրվում է Մելբուրնում տեղակայված ընկերության կողմից:
Բացի այդ, երկրի առողջապահության նախարարությունից հայտնել են դեպի Նոր Զելանդիա թռիչքների վերականգնման մասին: Նոր Զելանդիայում կորոնավիրուսի կապակցությամբ իրավիճակը բարելավվել է օդային հաղորդակցությունը դադարեցնելուց հետո:





























