Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որոշմամբ, Մուշեղ Հովսեփյանը նշանակվել է Տաթեւ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Մինչեւ այդ Հովսեփյանը զբաղեցնում էր համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը։

Տաթեւ համայնքի արդեն նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանի լիազորությունները լրացել են փետրվարի 22-ին, եւ հիմք ընդունելով այն, որ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում չեն կայացել Տաթեւ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները, մարզպետը համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել Հովսեփյանին։

NEWS.am-ի հետ զրույցում Մուշեղ Հովսեփյանն ասաց, որ ինքն ավելի վաղ ցանկություն էր հայտնել, որ նշանակվի այդ պաշտոնում, բայց տեղյակ չէր, որ հենց ինքն է նշանակվելու։

Նրա փոխանցմամբ՝ մարզպետն այսօր այցելել է համայնք եւ իրեն ներկայացրել համայնքի ղեկավարի աշխատակազմին։ Մեր հարցին, թե ինչ առաքելությամբ է ստանձնել ղեկավարի պաշտոնակատարի լիազորությունները, Հովսեփյանն ասաց․

«Շարունակելու եմ կատարել այն ծրագրերը, որոնք նախատեսված էին այս տարվա համար։ Ունենք խմելու ջրի, կոյուղու համակարգի, ոռոգման ջրի արտաքին եւ ներքին ցանցերի, մանկապարտեզների վերանորոգման հետ կապված խնդիրներ։ Շինուհայրում բազմաբնականրան շենքերի տանիքների վերանորոգման եւ ասֆալտապատման խնդիրներ եւս կան։

Տաթեւ համայնքը՝ 13, իսկ համանուն խոշորացված համայնքն էլ 5 տարի ղեկավարած Մուրադ Սիմոնյանն էլ մեզ հետ զրույցում անդրադառնալով Հովսեփյանի նշանակմանն ասաց, որ ինքը չի դիմել այդ պաշտոնում նշանակվելու համար, եւ դժգոհություններ չունի մարզպետի ընտրության վերաբերյալ։

«Թե՛ որպես համայնքի բնակիչ, թե՛ փորձ ունեցող ղեկավար, ես այսօր էլ հավաստիացրել եմ, որ կանգնած եմ համայնքի ու նաեւ այսօրվա ղեկավարի պաշտոնակատարի կողքին։ Դժվարին պայմաններում ստեղծված այս համայնքի խնդիրները պետք է կարողանանք լուծել»,- ասաց Սիմոնյանը։

Համայնքի նախկին ղեկավարը որոշում ունի, որ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը։

«Որոշումս պայմանավորված է նրանով, որ շատ աշխատանքներ եմ կատարել խոշորացված համայնքում եւ ունեմ նախատեսված ծրագրեր, որ պետք է ավարտին հասցնեմ։ Քանի որ խոշորացումը ամենաառաջինը մեզ մոտ է եղել, կարողացել ենք շատ ճեղքվածքներ լրացնել, խոսքը, բնականաբար, գումարի մասին է։ Ինչքան որ մեր բյուջեն բավարարել է, մեր գյուղերում կարողացել ենք լուծել առաջնահերթ խնդիրները։ Օրինակ, Շինուհայրը Սյունիքի ամենամեծ գյուղն է եւ կարող եմ ասել, որ նախկին տարիներին ինչքան համայնքներ, որ ձեւավորվել է, այդքան աշխատանք չի կատարվել, ինչքան որ մենք ենք կատարել այդ գյուղում։ Բացի այդ, եթե ժողովրդի պահանջը կամ էլ վստահությունը չլիներ, ես նման որոշում չէի կայացնի։ Հիմա սա է իմ դիրքորոշումը, հետագայում գուցե իրավիճակն այնպես դասավորվի, որ հիասթափվեմ, եւ թեկնածություն չդնեմ, համենայնդեպս, հիմա այդ դիրքորոշմանն եմ՝ անկախ այսօրվա իշխանություններից, քաղաքականությունից, ես անկուսակցական մարդ եմ»,- ընդգծեց Մուրադ Սիմոնյանը։

Տաթեւ համայնքի նորանշանակ ղեկավարի պաշտոնակատարն անդրադառնալով նախկին ղեկավարի՝ ընտրություններին առաջադրվելու հայտարարությանն, ասաց․

«Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ ես էլ, ինքն էլ ցանկանում ենք առաջադրել մեր թեկնածությունները։ Ժողովուրդը կորոշի, ով կլինի՝ կլինի։ Կարող եմ ասել, որ նման որոշում եմ կայացել հաշվի առնելով ժողովրդի կարծիքը եւ իմ պրակտիկան, ես բավականին ժամանակ ՏԻՄ-ում աշխատելու փորձ ունեմ»։

Նշենք, որ Տաթեւ խոշորացված համայնքի կազմի մեջ են մտնում 8 գյուղ՝ Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Շինուհայր, Խոտ, Տանձատափ, Քաշունի։