ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ոստիկանապետի տեղակալներ Արամ Հովհաննիսյանը, Վարդան Մովսիսյանը, Արա Ֆիդանյանը, Արթուր Մարտիրոսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, ՊՊԾ գլխավոր վարչության պետ Դավիթ Սարգսյանը պատասխանատվություն են կրելու այս խելագարի կողմից տրված հրահանգները կատարելու համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, ոստիկանության շենքի դիմաց  հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Մեկ անգամ եւս պահանջում ենք, որ մաս չկազմեք այդ դավաճանի ծրագրերին, հիշեք ձեր այն ընկերներին, որոնց պատերազմի օրերին տարան ու թողեցին անտեր ու անհաց վիաճկում։ Հիշեք Շուշիի ձեր գործընկերներին, հիշեք, որ մենք էս ամեն ինչը անում ենք նաեւ հանուն ձեր երեխաների համար։ Դուք շատ լավ գիտեք, որ այդ ապօրինի հրահանգները կատարելով մեր երկիրը ավելի եք խորտակման տանում»,- ասաց Սաղաթելյանը։

Նա պահանջեց, որ ոստիկանապետը իջնի եւ բոլորին ացատրություն տա ավելի վաղ Կառավարության 3-րդ շենքի մոտ  կատարած ապօրինությունների համար։

«Այսօր դուք ձեզ պահել եք լկտի, խուլիգանի պես։ Եթե ձեզ թվում է, որ Քոչարյան Անդոյի, շիշ բռնողի եւ մյուս սրիկաների հրահանգով պետք  է կրակեք ժողովրդի վրա ու վախեցնեք՝ սխալվում եք։ Եթե ձեզ թվում է, որ մենք նահանջելու ենք՝ սխալվում եք։ Եթե ձեզ թվում է, որ մենք կգնանք սադրանքի, որպեսզի բախման տանեք ու նոր արյուն թափեք Երեւանում՝  էլի սխալվում եք»,- հայտարարեց Սաղաթելյանը։

Նշենք, որ այսօր՝ վաղ առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր էին  կենտրոնացվել Սախարովի հրապարակում, որովհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու էր Կառավարության 3-րդ մասնաշենք։ Փաշինյանը կառավարության գլխավոր մասնաշենքից կառվարության 3-րդ մասնաշենք քայլել էր  «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո: Հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին տարածքը, որպեսզի Փաշինյանն անարգել հասնի կառավարության 3-րդ մասնաշենք:

Մինչ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր նախարարության շենքում, ոստիկանները սկսեցին բռնի ուժով բերման ենթարկել քաղաքացիներին՝ առանց որեւէ նախազգուշացման։

Նշենք, որ քաղաքացիներն այդ պահին կանգնած էին ոչ երթեւեկելի  հատվածում, եւ իրենց դժգոհությունն էին հայտնում Նիկոլ Փաշինյանի առնչությամբ։

Ժամը 13։00-ի դրությամբ 57 քաղաքացի էր բերման ենթարկվել։