Բարեգործության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հոդվածում կա մեծ բացթողում, որը խոչընդոտում է արտերկրյա ձեռնարկությունից մարդասիրական օգնություններ ուղարկելուն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Արմինե Հովհաննիսյանը։
«Երբ դրսից մարդասիրական օգնություն է գալիս, մենք դիմում ենք մարդասիրական հանձնաժողովին, որը կառավարությանը կից մարմին է, նրանք մեզ պետք է ազատեն մաքսային տուրքերից։ Բարեգործության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հոդված 2․4-ում նշվում են այն մարմինները, որոնք իրավունք ունեն ազատելու տուրքերից, եւ նշվում է, թե ովքեր կարող են դրսից ապրանք ուղարկել, որ ենթակա լինի ազատման»,- նշեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այդ հոդվածում մեծ բացթողում կա, որովհետեւ չեն նշել՝ որ ձեռնարկությունը կարող է ապրանք ուղարկել. «Այսինքն՝ եթե մի ամերիկյան ընկերություն ապրանք ուղարկի, չես ազատվի տուրքերից։ Միացյալ նահանգներում ընդունված է, որ մեծ ընկերությունները իրենց չվաճառված ապրանքը նվիրատվություն են անում տուրքերից ազատվելու համար, բայց երբ այդ ընկերությունը ցանկանում է ապրանք ուղարկել Հայաստան, մենք չենք կարող ընդունել, որովհետեւ օրենքը մեզ թույլ չի տալիս նվիրատվություն ստանալ ձեռնարկությունից»։
Արմինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ այսպիսով դոնորի համար բարդություններ են ստեղծում. «Որովհետեւ նա պետք է նախ ապրանքը ուղարկի երրորդ անձի, ով էլ կկարողանա այդ ապրանքը ուղարկել Հայաստան, եւ նրանք մտածում են, որ այդքան ժամանակ չունեն, արդյունքում մենք չենք տուժում»։
Նա պատմեց, որ մի քանի օր առաջ Արցախի նախագահի գրասենյակը բարեգործական կազմակերպությունների հավաք էր կազմակերպել, եւ ինքն այդ հարցն այնտեղ բարձրացրել է. «Բոլորը համաձայնեցին, որ շատ խնդիրների են առնչվում այս առումով, եւ հավաքվել է 15-ից ավելի կազմակերպությունների ստորագրություն»։
Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ արտերկրից մասնավոր ձեռնարկությունների կողմից տրամադրվող օգնությունները պետք է ազատվեն մաքսային հարկերից եւ տուրքերից։
Նրա այդ առաջարկին են միացել մի շարք բարեգործական հիմնադրամներ։
.jpg)
.jpg)





























