Իսրայելի Կնեսետն ընդունել է օրենք, որը կառավարությանը թույլ է տալիս այլ իշխանություններին հայտնել կորոնավիրուսի դեմ չպատվաստված մարդկանց տվյալները, ինչը մտահոգություն է առաջացնում՝ պատվաստումներից հրաժարվողների հետ կապված գաղտնիության առումով, հայտնում է AFP-ը:

Այս միջոցառումը, որն ընդունվել է 30 «կողմ» եւ 13 «դեմ» ձայներով, տեղական ինքնակառավարման մարմիններին, կրթության նախարարության գլխավոր տնօրենին եւ բարեկեցության նախարարության որոշ աշխատակիցների իրավունք է տալիս ստանալ չպատվաստված քաղաքացիների անուններ, հասցեներ եւ հեռախոսահամարներ:

Միջոցառումը, որը ուժի մեջ կլինի երեք ամիս կամ մինչեւ Covid-19 համավարակի ավարտը հայտարարելը, նպատակ ունի «այս մարմիններին հնարավորություն տալ խրախուսել մարդկանց պատվաստվել՝ անձամբ խոսելով նրանց հետ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ինը միլիոնանոց Իսրայելն իր բնակչոթյան մոտ մեկ երրորդին պատվաստել է Pfizer – BioNTech-ի պատվաստանյութով:

Այս միջոցառման շուրջ բանավեճի ընթացքում Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Մերավ Միկաելին աջակողմյան վարչապետ Բենիամին Նեթանյահուին մեղադրել է «քաղաքացիներին բժշկական տեղեկությունների գաղտնիության իրավունքից զրկելու» մեջ:

Կնեսետի հայտարարության մեջ ասվում է, որ անձնական տեղեկությունները չեն կարող օգտագործվել որեւէ նպատակնով, բացի մարդկանց պատվաստումների դրդելը: «Տեղեկատվությունը կհեռացվի դրա օգտագործումից հետո 60 օրվա ընթացքում»՝ համաձայն օրենքի, եւ «անձը, որի հետ կապվել են, կարող է պահանջել, որ իր տվյալները ջնջվեն եւ այլեւս իր հետ չկապվեն»:

Համավարակի սկզբից Իսրայելում պաշտոնապես գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 760 000 եւ մահվան ավելի քան 5600 դեպք: