Երեւանի պարտությունը ոչ մի կապ չունի «Իսկանդեր»-ների հետ, որոնք հմուտ ձեռքերում հուսալի սպառազինություն են: Այս մասին հայտարարել է ռուս քաղաքական գործիչ եւ զինվորական, նախկին սենատոր Ֆրանց Կլինցեւիչը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունը:

«Երեւանը չունի «Իսկանդեր»-ների եւ զինամթերքի այնպիսի քանակ, որոնք սկզբունքորեն կարելի կլիներ օգտագործել որեւէ իրական ռազմական խնդիր լուծելու համար: Բացի այդ, այս համակարգերը պետք է ճիշտ օգտագործել: Ինչ վերաբերում է արձակմանը, որը, Փաշինյանը ներկայացրեց որպես անհաջող, ապա պետք է հասկանանք, թե որոնք են խնդիրները: Թերեւս պատճառը անձնակազմի վատ պատրաստվածությունն է»,- ФАН-ին տված իր մեկնաբանության մեջ ասել է Կլինցեւիչը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ պատերազմում պարտության պատճառներին, ապա ռազմական առումով ուժերը չափազանց անհավասար էին, նշել է ռուս քաղաքական գործիչը:

«ԼՂՀ-ում զորքերը փաստացիորեն քողարկված չէին, երբ Ադրբեջանը օգտագործում էր թուրքական գրոհային անօդաչու թռչող սարքերը՝ ջերմացույցներով: Այս անօդաչուները հեշտությամբ խոցում էին ռազմական թիրախները՝ հրթիռային համակարգեր, տանկեր եւ այլն: Քանի որ աշխատող շարժիչները ջերմություն են արձակում: Անգամ քողարկված տանկը ժամանակակից պատերազմում չես կարող թաքցնել»,- ասել է նա:

Կլինցեւիչի խոսքով՝ Ղարաբաղի պաշտպանները, պարզվեց, անզոր էին տեխնիկական այն առավելության հանդեպ, որ ցուցաբերում էր Ադրբեջանը, որին աջակցում էր Թուրքիան: Բայց խնդիրը միայն սա չէ, այլ նաեւ Հայաստանի ղեկավարության քաղաքական վայրիվերումները, կարծում է ռուս քաղաքական գործիչը: «Ինքնիշխանություն, բազմաբեւեռություն եւ անկախություն խաղալով, փորձելով գոհացնել Արեւմուտքին եւ միաժամանակ շահագործելով Ռուսաստանին, Փաշինյանը փորձում է հաճոյանալ ե՛ւ մերոնց, ե՛ւ ձերոնց: Բայց երկու աթոռի վրա նստել չի կարելի: Այս խաղերը ոչ մի լավ բանով չեն ավարտվում: Այո, Փաշինյանը իմաստուն քայլ կատարեց, լսեց Ռուսաստանին, դադարեցրեց պատերազմը, բայց եթե նա շարունակի խաղեր տալ Արեւմուտքի հետ, հետեւանքները նրա, եւ նաեւ հենց Հայաստանի համար կարող են շատ լուրջ լինել»,- ընդգծել է Կլինցեւիչը։