NEWS.am-ը զրուցել է Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների ու պատանդների փնտրման եւ գերիների ազատագրման միջազգային աշխատանքային խմբի հայաստանյան համակարգող Կարինե Մինասյանի հետ:
Պատմեք Խմբի այսօրվա գործունեության մասին:
Ֆինանսական աջակցության բացակայության պատճառով մենք փաստացի պասիվ ենք: Անցյալում մեզ դրամաշնորհների տեսքով աջակցություն տրամադրել են սկզբում Գերմանիայի կառավարությունը, այնուհետեւ` Նորվեգիայի կառավարությունը եւ հետո «Կարիտաս» կազմակերպությունը: Միջազգային աշխատանքային խմբի ֆինանսավորումը դադարեցվել է 2007 թվականին: Դրանից հետո մենք աշխատել ենք հասարակական սկզբունքներով: Այս պայմաններում խոսել գործունեության արդյունավետության մասին ծիծաղելի է: Մենք շատ լավ ծրագրեր էինք իրականացնում նախկին ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների ընտանիքների հետ` կապված հոգեբանական վերականգնման, իրավաբանական օգնության, կրթություն, արհեստ, համակարգչային գիտելիքներ ստանալու հետ: Պետական հանձնաժողովների, հարազատների ստույգ հարցումներով եւ խնդրանքով իրականացվում էին անհայտ կորածների որոնողական աշխատանքներ: Այժմ այդ ամենը հնարավոր չէ կատարել առանց ֆինանսավորման:
Նախագծերի իրականացման համար կա ՞ ն ֆինանսավորում ստանալու հեռանկարներ:
Մենք փնտրում ենք ֆինանսավորում, բայց առայժմ մեզ չի հաջողվում գտնել: Հայտնի չէ, թե ինչպես կլինի առաջիկայում: Կան նախագծեր, որոնք կներկայացվեն: Շատ ցավոտ են նախկին ռազմագերիների եւ պատանդների խնդիրները: Նրանք բացարձակապես մոռացված են հասարակության կողմից եւ պաշտպանված չեն պետության կողմից: Վերադառնալուց հետո նրանց մեծամասնությունը չի ինտեգրվում հասարակությանը, իսկ այդ գործընթացը շատ ծանր եւ երկարատեւ է: Շատերին չի հաջողվում վերադառնալ լիարժեք բնականոն կյանքի: Եղել են նաեւ ինքնասպանություններ:
Հատկապես, անհանգստացնում է հրադադարից հետո գերությունից ազատվածների խնդիրը: Նրանք պատերազմի մասնակից չեն, բայց տուժել են հակամարտությունից: Նրանց գերության պատճառները տարբեր են: Սակայն չունեն պատերազմի մասնակիցների արտոնություններ: Նրանց համար օգտակար կլինեին բժշկական, հոգեբանական, սոցիալական, կրթական ծրագրերը, բայց նրանք մոռացված են:
Հաջորդ խնդիրը վերաբերում է հրադադարի կնքումից հետո անհայտ կորածներին: Համեմատաբար փոքր խումբ է, սակայն խնդիրը գոյություն ունի:
Տարվող աշխատանքներն արդյունք չեն տալիս: Կցկտուր տեղեկությունները չեն հաստատվում, մինչեւ վերջ չեն ստուգվում: Հարազատները հույսը չեն կորցնում, սակայն հստակ պատասխանները կթեթեւացնեին հարազատների բեռը: Ես չեմ բացառում, որ նրանց մեծամասնությունը, թե հայերի, թե ադրբեջանցիների կողմից արդեն ողջ չեն: Այդուամենայնիվ հարազատներն ապրում են հույսով, որովհետեւ տեղեկատվությունը մինչեւ վերջ հստակեցված չէ:
Այսօր փաստացի Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջեւ շփումներ չկան: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որոշակի աշխատանք է կատարում անհայտ կորածների ցուցակներ կազմելու ուղղությամբ: Բայց Ձեր խմբի կատարած աշխատանքը հիմա որեւէ մեկն անո ՞ ւմ է:
Մեր խմբի կառուցվածքը` Հայաստանում, Ադրբեջանում եւ Ղարաբաղում համակարգողների ներկայությունը թույլ էր տալիս կոմպետենտ պետական կառույցների միջեւ մշտական աշխատանքային շփման բացակայության պայմաններում արդյունավետ իրականացնել անհայտ կորածների որոնման աշխատանքները: Միջազգային աշխատանքային խմբի համանախագահներն են հայտնի իրավապաշտպաններ ռուսաստանցի Սվետլանա Գանուշկինան, գերմանացի Բերնհարդ Կլազենը եւ վրացի Պաատա Զաքարեիշվիլին: Ես` հայաստանյան համակարգողս, Ալբերտ Ոսկանյանը` ղարաբաղյան համակարգողը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում անհայտ կորած ադրբեջանցիների եւ հայ անհայտ կորածների մասին գտած տեղեկությունները փոխանցում էինք ադրբեջանցի համակարգող Ավազ Հասանովին: Նույն աշխատանքը նա էր անում Ադրբեջանում: Նշեմ մի կարեւոր հանգամանք. մեզ ոչ ոք չէր խանգարում, պետական կառույցները նույնիսկ օգնում էին մեզ, իսկ Հասանովը ոչ մի աջակցություն չէր ստանում, ավելին` Ադրբեջանի Պետական հանձնաժողովի հետ նրա հարաբերությունները չդասավորվեցին: Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ աշխատանքային այցեր կատարելուց հետո նրա ընտանիքը սպառանալիքներ է ստացել:
Ես չեմ կարծում, որ Միջազգային աշխատանքային խումբը կրկնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը: Մեր աշխատանքում մենք առաջնորդվել ենք նույն սկզբունքներով` գաղտնիություն, անաչառություն, օբյեկտիվություն, զսպվածություն: ԿԽՄԿ-ն դիմումներ է ընդունում միայն կորածների հարազատներից: Որոնողական աշխատանքի հիմքում պետական կառույցների ուղարկվող հարցումներն են: Իսկ մենք ստուգման ենք վերցնում բոլոր հնարավոր աղբյուրներից ստացված տեղեկությունները: Եվ ամենագլխավորը` պետական կառույցներին դիմելուց բացի, մենք ինքներս ենք անմիջականորեն ստուգում տեղեկատվությունը: Մենք օգնում էինք նախկին գերիներին եւ պատանդներին, փորձում էինք պաշտպանել նրանց իրավունքները: ԿԽՄԿ-ն այդպիսի գործունեություն չի ծավալում: Մենք լրացնում էինք ԿԽՄԿ-ի աշխատանքը եւ օգնում նրանց:
Այժմ այս հարցով ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունների հետ կա ՞ համագործակցություն:
Ես փորձել եմ կապ հաստատել անհայտ կորածների հարցերով զբաղվող ադրբեջանական հասարակական կազմակերպությունների հետ: Սակայն մտահղացում կա այլ ուղղությամբ: Գոյություն ունի Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողով: Մենք մտադրություն ունենք անհայտ կորածների թեմայով կոնֆերանս կազմակերպելու առաջարկ անել այդ կազմակերպությանը:
Ես կարծում եմ, որ անհայտ կորածների հարցերով աշխատանքը պետք է կատարի անկախ աշխատանքային խումբը` պետական կառույցների եւ այդ հարցով կոմպետենտ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնացկությամբ: Ունենալով պետության աջակցությունը` այդ խումբը մշտական հիմքի վրա կանցկացնի որոնողական միջոցառումներ: Միջազգային աշխատանքային խումբը բազմիցս բարձրացրել է այդ հարցը: Ցավոք, այս փուլում, հավանաբար, այն անիրագործելի է, քանի որ կողմերը պատրաստ չեն համագործակցության: Իսկ ժամանակն այս հարցում շատ կարեւոր գործոն է: Ինչքան ուշ, այնքան ավելի բարդ կլինի այդ աշխատանքը կատարել: Եթե մեր երկրները իսկապես հետաքրքրված են անհայտ կորածներին գտնելու, նրանց ճակատագրերում հստակություն մտցնելու հարցում, ապա պետք է դա գիտակցեն:
Զրուցեց Մարիամ Լեւինան:




























