Մեքսիկայի ամենահայտնի նարկոբարոն Հոաքին «Էլ Չապո» Գուսմանի տիկին Էմմա Կորոնել Այսպուրոն պատրաստվում է մատնել Սինալոա կարտելի բարձրաստիճան անդամներին, այդ թվում՝ իր խորթ որդիներին:

«Նա վստահաբար համագործակցում է»,- The Post-ին հայտնել է դաշնային իրավապահ մարմիններում աղբյուրը՝ հավելելով, որ «Էլ Չապոյի» տիկինը վկաների պաշտպանության ծրագրի հավանական թեկնածուն է: «Էմման ցանկանում է խուսափել բռնությունից եւ միշտ ցանկացել է ապրել ԱՄՆ-ում»,-ասել է աղբյուրը: Նա ծնվել է Կալիֆոռնիայում եւ ունի երկքաղաքացություն՝ ԱՄՆ/Մեքսիկան:

31-ամյա Այսպուրոն հանձնվել է իշխանություններին Վաշինգտոնում ավելի վաղ այս շաբաթ. նրան սպառնում է 10 տարի ազատազրկում, եթե նա դատապարտվի թմրամիջոցների վաճառքով զբաղվելու համար: Ըստ դատական փաստաթղթերի՝ նա նաեւ մեղադրվում է նրանում, որ օգնել է 63-ամյա Գուսմանին փախուստի դիմել մեքսիկական խստացված ռեժիմի գաղութից 2015 թվականին եւ օգնել է պլանավորել եւս մեկ փախուստ նախքան 2017 թվականին նրա ամուսնու՝ ԱՄՆ-ին արտահանձնումը: