Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռայա Նազարյանը։
Նրա խոսքով, 209 համայնքներում տեղի կուենան ՏԻՄ ընտրություններ, ընդ որում՝ 147 համայնքներում միաժամանակ համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ կանցկացվեն, 3-ում` միայն համայնքի ղեկավարի եւ 59-ում` ավագանու անդամների ընտրություններ: 18 համայնքում այս տարի ընտրություններ չեն լինելու` համայնքի ղեկավարների եւ ավագանու անդամների լիազորությունների ժամկետը չլրանալու պատճառով:
Հարցին, թե առաջադրվելո՞ւ է արդյոք Ստեփանակերտի ներկայիս քաղաքապետ Վազգեն Միքայելյանը այս ընտրություններին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԿԸՀ քարտուղարը նկատեց, որ այս առումով կոնկրետ ոչ մի բան չի կարող ասել, քանի որ թեկնածուների առաջադրումների եւ գրանցումների ժամկետները նախանշված են դեռ օգոստոսին։ «Թեկնածուների առաջադրման ժամկետները սահմանված են օգոստոսի 19-24-ը, իսկ 24-29-ը վերջիններիս գրանցման ժամկետն է»,- ասաց Ռայա Նազարյանը։




























