Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հայտարարել է կառավարության որոշման մասին, ըստ որի մարտի 11-ից երկրում խիստ կարանտինային ռեժիմ մտցվում` կորոնավիրուսի բրիտանական շտամի տարածման պատճառով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Վարակման դեպքերի հետ կապված րավիճակը կրիտիկական է գնահատվել: Վարչապետի խոսքով` ներկայումս բրիտանական մուտացիան գրանցվել է վերլուծված թեստերի 98 տոկոսում, ինչի պատճառով բժիշկներն իշխանություններին խորհուրդ են տվել առնվազն մեկ ամսով լոքդաուն հայտարարել: «Այս ամենը շփումների քանակը նվազեցնելու եւ վարակումների շղթաներն ընդհատելու համար է»,- ասել է Կալասը: 

Այդպես, մարտի 11-ից հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման, բոլոր խանութները, որոնք առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն վաճառում, կփակվեն, սրճարաններն ու ռեստորաններն ամբողջությամբ կդադարեն աշխատել, իսկ քաղաքացիների տեղաշարժը փողոցներում կսահմանափակվի:

Վերջին տվյալների համաձայն` համավարակի սկզբից ի վեր Էստոնիայում ավելի քան 76 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 650 մարդ վարակի զոհ է դարձել: Միայն մարտի 1-ից մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման մոտ 9.4 հազար նոր դեպք: