Շվեդիայից էկոակտիվիստ Գրետա Թունբերգը քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կլիմայական քաղաքականությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Թունբերգը կոչ էր արել Բայդենի օգտին քվեարկել ԱՄՆ նախագահական ընտրություններին: MSNBC-ին տված հարցազրույցում Թյունբերգին խնդրել են գնահատել նոր նախագահի վարչակազմի ձեռնարկած քայլերը բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ:

«Դուք պետք է դիմեք գիտությանը եւ հասկանաք` արդյոք նրա քաղաքականությունը համահունչ է Փարիզի համաձայնագրին... Եվ այդ ժամանակ հստակ կտեսնեք, որ` ոչ, ըստ գիտության դա բավարար չէ»,- ասել է էկոակտիվիստը: Թունբերգը հորդորել է նախագահին կլիմայի հարցը որպես ճգնաժամ դիտարկել:

«Նրանք իրենք են ասել, որ դա գոյության սպառնալիք է, եւ ավելի լավ է դրա նկատմամբ համապատասխան վերաբերմունք ունենալ, ինչը չեն անում: Նրանք կլիմայական ճգնաժամը պարզապես որպես քաղաքական թեմաներից մեկն են ընկալում»,- ասել է նա:

Բայդենն իր երդմնակալությունից քիչ հետո հրամանագիր էր ստորագրել Միացյալ Նահանգները Փարիզի կլիմայի համաձայնագիր վերադարձնելու մասին, որից երկիրը դուրս էր եկել Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք:

Թունբերգը 2018-ին ուրբաթ օրերը դպրոց հաճախելու փոխարեն սկսել էր գնալ Շվեդիայի խորհրդարանի դիմաց` պահանջելով իշխանություններից ուժեղացնել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի միջոցները: Նրա նախաձեռնությունը FridaysForFuture ուրբաթօրյա կլիմայական գործադուլների միջազգային շարժման վերածվեց: Դեկտեմբերին ակտիվիստը Time ամսագրի կողմից «2019 թվականի տարվա մարդ» ճանաչվեց: Time-ի գլխավոր խմբագիրը, մեկնաբանելով այս ընտրությունը, նշել էր, որ աղջիկը 92-ամյա պատմության մեջ ամենաերիտասարդն է, ով ստացել է այս կոչումը: