Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) ակնկալում է, որ 2021 թվականին համաշխարհային տնտեսությունը 5.6 տոկոս աճ կգրանցի: Նման տվյալներ են պարունակվում ՏՀԶԿ-ի նոր կանխատեսման մեջ, որը հրապարակվել է երեքշաբթի` մարտի 9-ին: Այս ցուցանիշները նախորդ կանխատեսման համեմատ բարձր են 1.4 տոկոսային կետով: 2022 թվականին համաշխարհային ՀՆԱ-ն կաճի 4 տոկոսով, հփոխանցում է DW-ն:

Համաշխարհային տնտեսության հեռանկարները զգալիորեն բարելավվել են բնակչության` COVID-19-ի դեմ պատվաստման արդյունավետ արշավների եւ որոշ երկրներում լրացուցիչ ֆինանսական աջակցության միջոցառումների հատկացման շնորհիվ, պարզաբանել են փորձագետները: Նրանք ակնկալում են, որ մինչճգնաժամային մակարդակին հնարավոր կլինի հասնել 2021 թվականի կեսերին:

Այդպես, 2021 թվականին ԱՄՆ ՀՆԱ-ի աճը 6.5 տոկոս կկազմի, իսկ մեկ տարի անց` 4 տոկոս, կարծում են ՏՀԶԿ վերլուծաբանները: Միացյալ Նահանգների նոր նախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է տնտեսական վերականգնման համար 1.9 տրիլիոն դոլար (1.6 տրիլիոն եվրո) հատկացնելու մտադրության մասին: Օրենսդիր մարմիններն արդեն հաստատել են հակաճգնաժամային փաթեթը:

Ռուսաստանում ՀՆԱ-ն այս տարի կաճի 2.7 տոկոսով, կարծում են վերլուծաբանները: Իսկ 2022-ին աճի տեմպն աննշան կերպով կնվազի մինչեւ 2.6 տոկոս: