Ուելսում էլեկտրամոնտաժման աշխատանքներ կատարելիս հայտնաբերել են «գաղտնի» միջնադարյան թունել, որը մոտ 900 տարեկան է, հայտնում է The Independent-ը:

Գտածոն հայտնաբերվել է Մոնմութշիր կոմսությունում՝ 1131 թվականին հիմնադրված հին աբբայության ավերակներից ոչ հեռու, տեղական Western Power Distribution ընկերության կողմից ստորգետնյա մալուխներ անցկացնելու համար խրամատներ փորելիս:

Կառույցը աղյուսից է, բարձրությունը կազմում է մոտ 1,2 մետր, այն հետիոտնային ճանապարհի տակ է, որն անցնում է մոտակայքում հոսող գետին զուգահեռ: Ինչպես նշել են ընկերությունից, գտնված անցումը նշված չէ եղած տեղագրական քարտեզներից որեւէ մեկի վրա, դրա մասին նաեւ հայտնի չի եղել տեղի բնակիչներին եւ իշխանություններին:

Հաղորդվում է, որ գտածոյի մանրամասն ուսումնասիրությունը, հավանաբար, կտեւի հնագիտական հետազոտությունների «տարիներ»: Միաժամանակ թունելը գտած բանվորներն ասել են, որ նախկինում երբեք չեն տեսել այսքան «գրավիչ ու տպավորիչ» ինչ-որ բան:

Գտածոյի մասին տեղեկությունները փոխանցվել են Ուելսի պատմական եւ մշակութային ժառանգության հարցերով գործակալությանը: Հիմա թունելն ակտիվորեն ուսումնասիրում են հնագետները: