Մալայզիայի դատարանը վճռել է, որ ոչ մահմեդականները Աստծո մասին խոսելիս կարող են օգտագործել «Ալլահ» բառը, հայտնում է AP-ն:
Հայցվորի փաստաբան Աննա Քսավյեի խոսքով՝ Բարձր դատարանի որոշումը չեղյալ է համարել քրիստոնեական հրապարակումներում «Ալլահ» եւ երեք այլ արաբական բառերի օգտագործման 35 տարվա կառավարական արգելքը՝ այն համարելով հակասահմանադրական:
Կառավարությունը նախկինում հայտարարել էր, որ «Ալլահ» բառը պետք է օգտագործեն բացառապես մահմեդականները` խուսափելու համար այնպիսի խառնաշփոթից, որը կարող է նրանց ստիպել կրոնափոխ լինել:
Մալայզիայի քրիստոնյա առաջնորդները արգելքը համարում են անհիմն, քանի որ մալայզիական լեզվով խոսող քրիստոնյաները վաղուց օգտագործում են «Ալլահ» բառը Աստվածաշնչում, աղոթքներում եւ երգերում:
«Դատարանը վճռել է, որ «Ալլահ» բառը կարող է օգտագործվել բոլոր մալայզիացիների կողմից»,- ասել է Քսավյեն: «Այսօրվա որոշումը ամրապնդում է Մալայզիայում ոչ մահմեդականների համար կրոնական իրավունքների հիմնարար ազատությունը, որն ամրագրված է սահմանադրության մեջ»,- հավելել է նա:





























