Հայաստանը հաճախ բնութագրվում է որպես գենդերային կարծրատիպերով խորապես արմատավորված պահպանողական հասարակություն, որտեղ առկա են քողարկված խտրականությունը կանանց հանդեպ, ինչպես նաեւ ընդհանուր հանդուրժողականությունը գենդերային բռնության զանազան դրսեւորումների նկատմամբ։  Այդ մասին նշված է «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրում, որը կառավարության հաստատմանն է ներկայացրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

Ծրագրային փաստաթղթում նշված է, որ 2000 թվականից ի վեր Հայաստանում ներընտանեկան բռնության տարածվածությունը գնահատելու նպատակով միջազգային եւ տեղական կազմակերպությունների կողմից կատարվել են մի շարք ուսումնասիրություններ: Դրանց արդյունքները վկայում են, որ կանայք ենթարկվում են բռնությունների: Մասնավորապես, Թուրփանջյան հասարակական հետազոտությունների կենտրոնի հարցման արդյունքների զեկույցում նշվում է, որ, թեեւ ստացված տվյալները փոքր-ինչ տարբերվում են 2000-ի թվերից, սակայն իրադրությունը շարունակում է մտահոգիչ մնալ, քանի որ հարցված կանանց շուրջ 60%-ը նշում է Հայաստանում ներընտանեկան բռնության տարածվածության մասին։

Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ իրենց կյանքի ընթացքում երբևէ զուգընկեր ունեցած հարցման ենթարկված կանանց 61 %-ը ենթարկվել է վերահսկողական վարքի, 25 %-ը ենթարկվել է հոգեբանական բռնության, 8.9%-ը ենթարկվել է ֆիզիկական բռնության, 3.3%-ը ենթարկվել է սեռական բռնության, իսկ 9.5%-ը ենթարկվել է ֆիզիկական եւ սեռական բռնության:

Գենդերային բռնության ձեւեր են համարվում ծեծը, աղջիկ-երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունը, օժիտի հետ կապված բռնությունը, ամուսնու կողմից բռնաբարությունը, կանանց սեռական օրգանների խեղումը եւ կանանց համար վնասակար այլ ավանդապաշտական գործողություններ, ոչ-ամուսնական բռնությունը եւ շահագործման հետ կապված բռնությունը:

Գենդերային բռնության ձեւերին է վերագրվում նաեւ կանանց իրավունքների ոտնահարումը զինված հակամարտության գոտիներում (սպանություն, պարբերական բռնաբարություններ, սեռական շահագործում, հարկադիր հղիություն): Նույն շարքին են դասվում նաեւ հարկադիր ստերջացումը, հղիության պարտադրված ընդհատումը, հակաբեղմնավորիչ միջոցների ստիպողական գործածումը, իգական սեռի նորածինների սպանությունը եւ պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումը։