Կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումները բարելավել են օդի որակը երկրների մեծ մասում, բայց աղտոտիչների մակարդակը, ամենայն հավանականությամբ, կբարձրանա, քանի որ կառավարությունները կհանեն սահմանափակումները, եւ տնտեսությունները կվերադառնան նորմային:

Օդի համաշխարհային որակի մասին IQAir-ի 2020թ. զեկույցում ասվում է, որ արդյունաբերության եւ տրանսպորտի ոլորտում մարդու գործունեության հետ կապված արտանետումները լոքդաունների ժամանակ նվազել են, իսկ աշխարհի վերլուծված քաղաքների 65%-ում 2020-ին օդի լավագույն որակն է եղել՝ 2019-ի համեմատ: Հարցված երկրների շուրջ 84%-ը հայտնել է օդի որակի ընդհանուր բարելավման մասին:

«Covid-19-ի եւ օդի աղտոտման միջեւ կապը վերջինիս վրա նոր լույս է սփռել, մանավանդ հաշվի առնելով այն, որը շատ տեղերում օդի նկատելի բարելավում է դիտարկվում՝ ցույց տալով, որ օդի որակի բարելավումը հնարավոր է անհապաղ հավաքական գործողությունների միջոցով»,- ասվում է զեկույցում:

Օդի որակի համաշխարհային տեղեկատվական եւ տեխնոլոգիական IQAir ընկերության հետազոտողները վերլուծել են աղտոտման մասին 106 երկրների տվյալները, մասնավորապես PM2,5 մանրադիտակային աղտոտիչի չափումները, որը կարող է լուրջ առողջական ռիսկեր առաջացնել: