Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը (ԺԴԿ) չորեքշաբթի իր լուծարման մասին դատախազության հայցը Թուրքիայի ժողովրդավարությանը հարված է անվանել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեր կուսակցության փակման գործը ծանր հարված է երկրի ժողովրդավարությանը եւ օրենսդրությանը»,- ասվում է շրջանառվող կոմյունիկեում:

Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ «ԱԶԿ-ի («Արդարություն եւ զարգացում» կուսակցություն, նախագահ՝ Թայիփ Էրդողան) կառավարությունը դատական համակարգն օգտագործում է որպես լծակ՝ քաղաքականության ձեւավորման համար»:

Անատոլիական գործակալությունը մարտի 17-ին հաղորդել է, որ Թուրքիայի դատախազությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը լուծարելու հայցով: Հայցում նշվում է, որ քաղաքական շարժման անդամների հայտարարություններն ու գործողությունները «ուղղված են եղել պետության եւ ժողովրդի միջեւ պառակտմանը»:

2017-ի հունվարին ԵՒ համանախագահներ Սելահաթին Դեմիրթաշի եւ Ֆիգենա Յուկսեկդաղի դեմ մեղադրանքներ են առաջադրվել ահաբեկչական գործունեության եւ քարոզչության համար: Անկարայում ենթադրում են, որ այս կուսակցությունը, ներկայացված լինելով խորհրդարանում, դեռ շարունակում է կապեր պահպանել Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ (Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն) եւ կարող է հանդես գալ որպես նրա քաղաքական թեւ: 2017-ի փետրվարին Դեմիրթաշը մեղավոր էր ճանաչվել «թուրքական ազգին, Թուրքիայի հանրապետությունը եւ նրա պետական ինստիտուտները նվաստացնելու մեջ» եւ դատապարտվել էր հինգ ամսվա ազատազրկման: Այնուհետեւ ժամկետը մի քանի անգամ երկարացվել էր, քաղաքական գործիչը դեռ ձերբակալված է:

2018-ի հունիսին նախագահական ընտրություններում Դեմիրթաշը առաջադրել էր իր թեկնածությունը եւ 8,4% ձայնով երրորդ տեղն էր զբաղեցրել: Նույն տարվա սեպտեմբերին նա դատապարտվել էր 56 ամսվա ազատազրկման՝ ահաբեկչության քարոզչության մեղադրանքով: 2018-ի խորհրդարանական ընտրություններում ԵՒ-ն ստացել է ձայների 11,7%-ը եւ 67 տեղ՝ այն դարձնելով երրորդ խոշորագույն քաղաքական ուժը, որը ներկայացված է բարձրագույն օրենսդիր մարմնում: