Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հրաժարվել է պարզաբանել, թե արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի մասին «փոխաբերություն» են եղել:
Ավելի վաղ Բայդենը, պատասխանելով ԶԼՄ-ների այն հարցին, թե իր ռուս գործընկերոջը համարում է արդյոք «մարդասպան», ասել էր, որ այդպես է: Նա նաեւ նշել էր, որ Պուտինը «պատասխան կտա» ամերիկյան ընտրություններին իբր միջամտության համար:
«Ես ավելացնելու բան չունեմ»,- ասել է Փսակին ճեպազրույցում, երբ նրան հարցրել են՝ արդյո՞ք Բայդենի խոսքերը նույնպես «փոխաբերություն» են, թե՞ նկատի է ունեցել դրանց ուղղակի իմաստը:
Նա հավելել է, որ Բայդենը նախկինում հայտարարել էր, թե «իրեն չի զսպի» իր դիրքորոշումն արտահայտելու հարցում` ոչ Ռուսաստանի ղեկավարության հետ անմիջական շփումների ժամանակ, ոչ հանրային գնահատականներ տալիս:





























