Ըստ թերթի, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է, թե «Հայաստանի առաջնահերթ խնդիրը իսկապես դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելն է»։
«Բայց դժվարանում եմ հավատալ, թե Ադրբեջանը կգնա այդ քայլին։ Իլհամ Ալիեւը լուրջ շարժառիթներ ունի` շարունակելու «դիպուկահարների պատերազմը»։ Դա հստակ ռազմավարություն է, որ նրան անհրաժեշտ է տարբեր պատճառներով` թե ներքին, թե արտաքին, եւ ադրբեջանական կողմը միայն հարկադրանքի ուժով կարող է գնալ այդ քայլին, որովհետեւ, դիպուկահարներին շփման գծից դուրս բերելով` Ադրբեջանը կզրկվի միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու հիմնական լծակներից»,- նշել է Իսկանդարյանը։
Ինչ վերաբերում է հակամարտության գոտի խաղաղարար ուժերի մուտքին, ապա, ըստ քաղաքագետի, «այստեղ առաջ են գալիս բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները, մեղմ ասած, դժվար է գտնել։
«Օրինակ, ինչպիսի՞ն պետք է լինի խաղաղարար ուժերի կազմը, որտե՞ղ պետք է տեղակայվեն այդ ուժերը, ո՞վ պետք է վճարի դրա համար, որտեղի՞ց վերցնել այդ փողերը, ինչպե՞ս պետք է լուծվի անվտանգության երաշխիքների խնդիրը եւ այլն։ Հսկայածավալ աշխատանք է անհրաժեշտ` այս հարցերից յուրաքանչյուրը համաձայնեցնելու համար»,- նշել է քաղաքագետն ու հավելել. «Այս պարագայում առավելագույնը, որ համանախագահները կարող են ակնկալել, Մադրիդյան հայեցակարգի` կարգավորման բանաձեւի շուրջ գրավոր համաձայնության հասնելն է։ Ամեն դեպքում, աննախադեպ որեւէ բան` կտրուկ տեղաշարժ, բեկում Կազանի հանդիպման արդյունքում, կարծում եմ, չի սպասվում»։




























