«Ժամանակ»-ը զրուցել է Միջազգային ճգնաժամային խմբի (ICC) եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:
Տիկին Ֆրեյզեր, ինչպե՞ս եք մեկնաբանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների Դովիլում արած հայտարարությունը: Դուք տարբերություն տեսնո՞ւմ եք այս եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից նախկինում արած երկու հայտարարությունների միջեւ:
Կարծում եմ՝ այս հայտարարությունն էապես տարբերվում է նախկին երկու հայտարարություններից, որովհետեւ սա շատ ավելի ստույգ, կոնկրետ ու ավելի մեծ ուժ ունեցող հայտարարություն է: Կարեւոր է շեշտել, որ բավական հազվադեպ են այս երեք նախագահները որեւէ հարցում համաձայնության գալիս… Ուստի հույս է ներշնչում այն, որ Ֆրանսիան, ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը համաձայնության են եկել այս հայտարարության շուրջ: Դովիլի հայտարարությունը տարբեր է նաեւ նրանով, որ նախագահները պարզ ու հստակ հայտնում են, որ ակնկալում են, թե կողմերը համաձայնության պետք է գան հիմնարար սկզբունքների շուրջ մոտ ապագայում՝ գուցե հենց Կազանում: Պարզ ասվում է նաեւ, որ եթե այդպես լինի, միջազգային հանրությունը եւ երեք երկրները կհետեւեն այդ սկզբունքների իրագործմանը՝ ֆինանսական եւ այլ տիպի աջակցություն ցույց տալու միջոցով: Մյուս տարբերությունն այն է, որ եթե համաձայնության չգնան, եւ կողմերից մեկը ուժի գործադրման անցնի, ապա դա երեք երկրների կողմից կդիտարկվի որպես շատ բացասական քայլ եւ չի ընդունվի որպես հակամարտության լուծման ճանապարհ:
Կարծում եք, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը լիովին համակարծի՞ք են Լեռնային Ղարաբաղի հարցում եւ ոչինչ չի՞ կարող վտանգել գործընթացը:
Կարծում եմ՝ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը միեւնույն տեսակետն ունեն, բայց հարցն այն է, թե արդյո՞ք նրանք կողմերի վրա ճնշում գործադրելու հնարավորություն ունեն` Կազանում համաձայնության գալու համար, թե՞ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն իրենք պետք է համաձայնության գան:




























