ԱՄՆ-ն մտադիր չէ խուսափել Ռուսաստանի հետ առճակատումից՝ Մոսկվայի կողմից թշնամական գործողությունների դեպքում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ջալինա Փորթերը, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես կարելի է բնութագրել ԱՄՆ ներկայիս մոտեցումը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում՝ Փորթերը համաձայնել է, որ «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները խնդրահարույց են մնում, ինչին մենք իսկապես պատրաստ ենք»: Ապագայում ԱՄՆ-ն կցանկանար «կանխատեսելի եւ կայուն» հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, նշել է Պետդեպարտամենտի պաշտոնյան: «Երբ մենք կառուցողական լինելու հնարավորություն ունենք եւ դա բխում է մեր շահերից, մենք անպայման կանենք դա,- նկատել է Փորթերը,- Սակայն հաշվի առնելով ... Ռուսաստանի վարքը վերջին մի քանի ամիսների ընթացքում, ակնհայտ է, որ (մեր) հարաբերություններում... թշնամանքի տարր գոյություն ունի: Եվ մենք դրանից չենք խուսափելու»:
Որպես Ռուսաստանի հետ համագործակցության օրինակ՝ Փորթերը նշել է ամերիկացի դիվանագետ Զալմայ Խալիլզադի մասնակցությունն Աֆղանստանի խաղաղ կարգավորման հարցով Մոսկվայում անցկացվող խորհրդաժողովին:
Ըստ Ջալինա Փորթերի՝ ԱՄՆ-ն եւ գործընկեր երկրները «պետք է հստակ հասկանան եւ պատասխանատվության ենթարկեն Ռուսաստանին վարքագծի համար, որը խախտում է պատասխանատու երկրների կողմից հարգված շրջանակը»:
.





























