«Եվրանեսթ»-ի լիագումար նիստը Երեւանում, ամենայն հավանականությամբ, չի անցկացվի, այն կկայանա Ստրասբուրգում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը։

«Եվրանեսթ»-ի աշխատանքային առաջին նիստը Երեւանում չանցկացնելու մասին հրապարակային բացատրություններ եւ մեկնաբանություններ չեն արվել, բայց կարծում եմ, որ ադրբեջանական տրամադրությունների ազդեցության ներքո, կամ ավելի ճիշտ՝ այդ երկրի բոյկոտից եւ կառույցի աշխատանքները ստվերելուց խուսափելու համար մեր գործընկերները մեզ կհորդորեն նիստն անցկացնել ոչ Հայաստանում»,- ասաց Զաքարյանը՝ միաժամանակ հավելելով, որ «Եվրանեսթ»-ի լիագումար նիստը Երեւանում անցկացնելու առաջարկը հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հիմնավորել է նրանով, որ սեպտեմբերին Հայաստանը նշելու է իր անկախության 20-ամյակը:

Հիշեցնենք, Հայաստանի պատվիրակության ղեկավար, «Եվրանեսթ»-ի փոխնախագահ ընտրված Վահան Հովհաննիսյանն առաջարկել էր վեհաժողովի լիագումար նիստը Երեւանում անցկացնել։

Նախօրեին Հովհաննիսյանը հայտարարել էր, որ «Եվրանեսթ»-ի ադրբեջանական պատվիրակության օրակարգում կառուցողական առաջարկների փոխարեն բացառապես հակահայկական պայքարն է. «Ադրբեջանցիները հիստերիկ նամակով դիմել էին, որ Հայաստանը իր անկախության ընթացում իբր օկուպացրել է ինչ-որ տարածքներ, ինչին, իհարկե, ես արձագանքել էին շատ ծանր»,- ասել էր նա: